«Հայկական երկաթուղիները» կարող են անցնել «Ռուսաստանի երկաթուղիների» կառավարմանը

PanARMENIAN.Net - «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ն պատրաստ է քննարկել «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման համար հայտարարված մրցույթին: Այդ մասին հոկտեմբերի 12-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԵՈՒ նախագահ Վլադիմիր Յակունինը: Նրա խոսքերով, մրցույթին մասնակցելու վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ՌԵՈՒ Տնօրենների խորհրդի մակարդակով եւ, ըստ ամենայնի, Ռուսաստանի կառավարության որոշմամբ: «Դա պետական տրանսպորտային քաղաքականության հարց է, ոչ միայն երկաթուղիների, այլ նաեւ պետությունների հարաբերությունների հարց: Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին: Դա վերաբերում է բարիդրացիության զարգացմանը երկաթուղիների ոլորտում»,-նշել է Վ.Յակունինը: Իր հերթին «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարության հերթական նիստում, հոկտեմբերի 12-ին որոշում կկայացվի 30-40 տարի ժամկետով «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կոնցեսիոն կառավարման փոխանցելու համար միջազգային մրցույթ հայտարարելու վերաբերյալ: «Աշխարհի բոլոր երկաթուղիները կառուցվածքային բարեփոխումներ են անցնում եւ մենք էլ մոտենում ենք այդ փուլին»,-նշել է Արարատ Խրիմյանը` հավելելով, որ հայկական երկաթուղիները լուրջ ֆինանսական ներդրումների կարիք ունեն: «Շարժակազմն այնպիսի վիճակում է, որ մեկ-երկու տարի անց այն ի վիճակի չի լինի փոխադրումներ կատարել: Համաշխարհային բանկի գնահատմամբ 15 տարվա ընթացքում անհրաժեշտ է 170-180 մլն դոլար ներդնել հայկական երկաթուղիների զարգացման համար»,-հավելել է նա: «Ես կցանկանայի, որ Ռուսաստանը մասնակցեր մրցույթին եւ հաղթեր: Սակայն միջազգային մրցույթի պայմանները միատեսակ կլինեն բոլոր մասնակիցների համար եւ առանձին երկրի կան ընկերության համար արտոնություններ չեն լինի»,-ընդգծել է «Հայկական երկաթուղիների» ղեկավարը, հավելելով, որ մրցույթի փաստաթղթերը նախապատրաստելու համար կպահանջվի մոտ մեկ տարի, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---