Լիբանանը փորձադաշտ է, որտեղ մշակվում են Մերձավոր Արեւելքի համար նախատեսված օրինակները

PanARMENIAN.Net - Լիբանանյան իրադարձությունները կարող են նշանակալից դառնալ տարածաշրջանի համար, Լիբանանը փորձադաշտ է, որտեղ մշակվում են Մերձավոր Արեւելքի համար նախատեսված որոշ օրինակներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը: «Հենց Լիբանանում առաջին անգամ իսլամսիտները սկսեցին պատերազմ վարել պետությունների դեմ, Լիբանանում ԱՄՆ-ը առաջին անգամ փորձարկեցին ճշգրիտ հարվածները, Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, Արեւմուտքի օգնությամբ իրագործվեց «մայրու հեղափոխությունը»: Այնպես որ, կարելի է Վրաստանի հետ զուգահեռներ տանել, որին փորձում են դարձնել «օրինակելի ժողովրդավարության» ցուցանակ»,- նշել է Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ 2006 թվականի հոկտեմբերի 11-ին օրենք է ընունվել Իրաքի դաշնային կառուցվածքի վերաբերյալ: «Գործնականում դա նշանակում է, որ Քրդական ինքնավարությունը իրավական հիմք է ստանում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Դաշնային Իրաքը քայլ է դեպի Քրդստանի անկախություն, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ Իրաքն ու Վրաստանը ժողովրդավարության արմատավորման քրեստոմատիական օրինակներ են»,- ասել է նա: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Մանուկյանի կարծիքով, լինելով աշխարհիկ պետություն, Ադրբեջանը, այնուամենայնիվ, դանդաղ քայլերով դառնում է իսլամական: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկրի իսլամականացումը կառավարելի դարձնել: Սակայն մզկիթների եւ աղոթարանների թիվը գնալով ավելի ու ավելի է աճում: Իսլամականացման տենդենցը տարածաշրջանում Թուրքիային եւս չի շրջանցել: Նա այժմ ավելի հանգիստ կվերաբերվի Եվրոպայի մերժմանը: Այս երկրի համար ավելի լավ է լինել տարածաշրջանային առաջնորդ, քանի Եվրամիության անդամ: Ի դեպ, Թուրքիայում կատարվել է գաղափարախոսության փոփոխություն. Քեմալ Աթաթուրքի «Առա'ջ, դեպի Եվրոպա» նշանաբանի փոխարեն այսօր ավելի արդիական է Ռեջեփ Էրդողանի «վերադարձ դեպի Արեւելք» կոչը»,- ընդգծել է հայ գիտնականը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---