ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այս կարծիքի է ԵՄ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը, ում նոյեմբերի 3-ին ընդունել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաևվերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում ընթացող բանակցություններին։

Հանդիպմանը կողմերը կարևորել են Եվրոպական Միության խորհրդի կողմից Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների մանդատի տրամադրումը:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում կմշակվի մի փաստաթուղթ, որը կարտացոլի ՀՀ-ԵՄ փոխշահավետ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը և կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը։

Հերբերտ Զալբերին նոյեմբերի 3-ին ընդունել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն ընդգծել է, որ այսօր առավել քան երբևէ, կարևոր է Եվրոպական միության հավասարակշռված դիրքորոշման պահպանումը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում, ինչպես նաև խնդրի համապարփակ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու հանձնառության իրականացումը։

Զալբերը, կարևորելով հիմնահարցի շուտափույթ խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հավաստիացրել է, որ Եվրոպական Միությունը հանձնառու է շարունակելու տարածաշրջանում իր հավասարակշռված քաղաքականությունը:

Նախագահն անդրադառնալով Զալբերի հետ մոտ չորս ամիս առաջ կայացած նախորդ հանդիպումից հետո իրավիճակին՝ նշել է, որ այդ կարճ ժամանակահատվածում լարվածությունը տարածաշրջանում լրջորեն աճել է՝ ուղղակիորեն սպառնալով ԼՂ և Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությանը:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական գործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության պահպանման ու ամրապնդման:

Սարգսյանը ներկայացրել է իր մոտեցումները ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ: Նա կարևորել է միջազգային հանրության և իրավասու միջազգային կառույցների ժամանակին ու հասցեական, այլ ոչ թե ընդհանրական հայտարարությունները հրադադարի խախտումների կապակցությամբ, ինչպես նաև որոշակի միջոցների ձեռնարկումը, որոնք կկանխեն հետագա որևէ սադրանք:

Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, և այն կարող է լուծվել միայն կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Սարգսյանը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---