Հայաստանն առաջնահերթ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացմանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին Եկատերինյան պալատում կայացել է Ռուսաստանում Հայաստանի Տարվա փակման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իր ելույթում ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ինչպես դուք գիտեք, 2006 թվականը հայտարարվել էր Ռուսաստանում Հայաստանի Տարի: Հունվարին` Տարվա հանդիսավոր բացման ժամանակ, մեր նախագահները ցանկություն հայտնեցին, որ Ռուսաստանում Հայաստանի Տարին իրական քայլ դառնար` ուղղված մեր համագործակցության ընդլայնմանը: Այսօր մենք կարող ենք վստահությամբ փաստել, որ այն կայացավ եւ դարձավ հայ-ռուսական հարաբերությունների պատմության նշանակալի ուղենիշերից մեկը: Դարերի խորքը գնացող հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունն ու ձեւավորված կայուն կապերը, որոնց առանցքը բոլոր ժամանակներում եղել է հոգեւով ընդհանրությունը, դարձավ այն ամուր հիմքը, որի վրա արագ եւ կառուցողական ձեւով զարգանում են մեր պետությունների դաշնակցական հարաբերությունները:

Ես հուսով եմ, որ Հայաստանի Տարին ռուսաստանցիներին ժամանակակից Հայաստանը բացահայտելու հնարավորություն տվեց` իր ներուժով եւ հնարավորություններով: Մեր պետությունն այսօր վստահորեն շարժվում է դեպի ապագա` հաշվի առնելով այսօրվա իրականությունը եւ, միեւնույն ժամանակ, պահպանելով իր դարավոր աավանդույթները: Տարվա շրջանակներում գիտական կոնֆերանսներ, բիզնես-ֆորումներ, համատեղ հետազոտական ծրագրեր, ցուցահանդեսներ, համերգներ են կազմակերպվել: Բարելավվում եւ զարգանում են ամուր կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի շրջանների միջեւ, որն իր լավագույն դրսեւորումը գտավ նաեւ Տարվա ընթացքում: Հայաստանի օրեր անցկացվեցին Ռուսաստանի Ռոստովի, Աստրախանի, Սամարայի, Սվերդլովյան եւ այլ շրջաններում: Այս միջոցառումները հայ-ռուսական բազմապլան համագործակցությունը հարստացնելու հնարավորություն տվեցին, լավ հեռանկարներ բացեցին մեր առեւտրա-տնտեսական, կրթական, գիտական եւ մշակութային ներուժների փոխշահավետ միավորման համար: Գիտնականների, մշակույթի գործիչների, գործարարների եւ երիտասարդության միջեւ լայն շփումների նոր հնարավորություններ հայտնվեցին:

Ժամանակակից աշխարհում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության հիմքում, քաղաքակյանից բացի ընկած են նաեւ տնտեսական հարաբերությունները: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ առեւտրա-տնտեսական գործընկերը: Միեւնույն ժամանակ կուզեի նշել, որ տվյալ բնագավառում անհրաժեշտ է ակտիվ երկստեք քայլեր ձեռնարկել: Մենք առաջնահերթ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացմանն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, մետաղագործությունը, տրանսպորտը, քիմիան եւ այլն:



Հատկապես հաճելի է, որ Հայաստանի Տարվա փակման հանդիսավոր արարողությունն անցնում է իր գեղեցկությամբ եզակի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում, որը հանդիսանում է համաշխարհային մշակութային կենտրոններից մեկը, որը դեպի իրեն ձգում է իր ջերմությամբ եւ հոգեւոր մթնոլորտով: Մեր ժողովրդի մշակույթը սերտորեն միահյուսվում է Սանկտ-Պետերբուրգի հետ: Հյուսիսային մայրաքաղաքի հետ կապված են հայ նշանավոր գիտնականների, նկարիչների եւ հասարակական գործիչների անունները, ինչպիսիք են Օրբելին, Փափազյանը, իշխան Արղությանը եւ ուրիշներ:



Ռուսաստանում բնակվում է աշխարհում ամենամեծ հայկական համայնքը, որը ձեւավորվել է դարերի ընթացքում: Պատմության բոլոր փուլերի ընթացքում հայերն ուժերի ներածին չափով իրենց ավանդն են ներդրել ռուսական պետության կայացման գործում, որում ազգային ինքնատիպության, լեզվի եւ մշակույթի պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները կային: Մենք վստահ ենք, որ այսօր էլ Ռուսաստանում մեր հայրենակիցների խնդիրներն ու հույսերը գտնվում են դրա ղեկավարության համակ ուշադրության ներքո:



Մեր ընդհանուր պատասխանատվության հարց է հանդիսանում ցանկացած ազգային անհանդուրժողության բացառումը: Այդ համատեքստում, մենք չափազանց անհանգստացած ենք մեր հայրենակիցների նկատմամաբ կիրառվող բռնությունների հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ, որոնք եղել են Ռուսաստանի Դաշնությունում: Հայերը Ռուսաստանում ինչպես եւ ռուսները Հայաստանում, հանդիսանում են դարավոր ավանդույթների կրողներ, երկու երկրների միջեւ եղած այն ամուր կամրջով, որը մենք պետք է ամեն կերպ ամրացնենք եւ պաշտպանենք», հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---