Նալբանդյան. Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով

Նալբանդյան. Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով

PanARMENIAN.Net - Հայաստանը խստորեն դատապարտում է Բաքվի կողմից Արցախի հետ շփման գծում բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձած՝ իրավիճակի աննախադեպ սրումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 19-ի հանդիպման նախաշեմին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի Ադրբեջանի կողմից հրադադարի կոպտագույն խախտումների մասին։ հարցին:

«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Արցախի Պաշտպանության բանակի զոհված զինծառայողների հարազատներին»,-ասել է նա:

Նախարարը հավելել է, որ յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ Ադրբեջանի սադրանքների հետևանքով հակամարտության գոտում լարվածության աճը օրինաչափություն է դարձել:

«Բաքուն պատրանք ունի, թե կարող է բանակցել զենքի ուժով: Չնայած եռանախագահող երկրների՝ ուժի կիրառումը բացառելու բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը գնում է նոր արկածախնդրությունների։ Նման գործողություններով Բաքուն փորձում է շեղել բանակցային գործընթացը՝ խաղաղության հաստատման և հիմնախնդրի կարգավորման նպատակից»,-ասել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ այս իրավիճակում հրամայական են դարձել լարվածության նվազեցմանն ուղղված հստակ քայլերը՝ եռանախագահների կողմից առաջարկվող՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելության ամրապնդումը, նրա դաշտային օգնականների թվի ավելացումը։ «Ակնկալում ենք, որ համանախագահ երկրները գործնական քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 17-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով` դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի: Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

Ծավալված մերձամարտերի ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնվ. 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնվ. 1996թ.):

ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի սադրիչ քայլերն անհետևանք չեն մնալու: Պատասխանը լինելու է ցավոտ և անդառնալի կորուստներով լի:

Դեկտեմբերի լույս 17-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել շփման գծի արևելյան հատվածի 3 ուղղությամբ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել էին ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքերը: Նահանջող հակառակորդը գործողությունների վայրում էր թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ:

Ծավալված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չէր ունեցել:

Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, աշխատանքային այցով շվեյցարական Բեռնում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---