Բաքվի մեջլիսն ընթացք է տվել ԱՄՆ պաշտոնյաների դեմ «պատժամիջոցներ» սահմանող օրինագծին

Բաքվի մեջլիսն ընթացք է տվել ԱՄՆ պաշտոնյաների դեմ  «պատժամիջոցներ» սահմանող օրինագծին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ խորհրդարանի դեկտեմբերի 29-ի նիստում ներկայացվել է «ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին» օրինագիծը, որի հեղինակն անկուսակցական պատգամավոր Ռովշան Ռզաևն է։

Նա խնդրել է ամերիկացի պաշտոնյաների դեմ «պատժամիջոցներ» սահմանող օրինագիծը քննել խորհրդարանի մասնագիտացված հանձնաժողովներում, Contact.az-ին հղումով գրում է Tert.am-ը:

Իր նախաձեռնությունը նա բացատրել է որպես «երկակի ստանդարտների» դեմ բողոքի ակցիա։

Խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հանձնարարել է օրինագիծը քննարկել մարդու իրավունքների, միջազգային հարաբերությունների, միջխորհրդարանական կապերի և այլ հանձնաժողովներում:

Այս օրինագիծը Բաքվի պատասխան քայլն է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Քրիս Սմիթի ներկայացրած օրինագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Ադրբեջանի կառավարության դեմ այն դեպքում, եթե երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները չլուծվեն։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային գործակցությանը 57 երկրում, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ է անցկացրել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: «Օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում» խորագրով միջոցառումը կենտրոնացել էր այն խնդրի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարության քննադատներին հետապնդելու ու ձերբակալելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---