Սաուդյան Արաբիան խզել է հարաբերություններն Իրանի հետ. Բողոքին միացել են Բահրեյնը, Սուդանն ու ՄԱԷ-ն

Սաուդյան Արաբիան խզել է հարաբերություններն Իրանի հետ. Բողոքին միացել են Բահրեյնը, Սուդանն ու ՄԱԷ-ն

PanARMENIAN.Net - Հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այդ մասին հայտնում է Reuters-ը թագավորության ԱԳ նախարար Աբդել ալ Ջուբեյրի վրա հղումով:

Ինչպես գրում է գործակալությունը, ԱԳ նախարարը հայտարարել է այդ մասին մամուլի ասուլիսում: Ըստ նրա, Իրանի դիվանագիտական ներկայացուցչությանը 48 ժամ է տրվել պետությունը լքելու համար: Նախարարը հայտարարել է, որ Էր Ռիադը թույլ չի տա Թեհրանին խարխլել երկրի անվտանգությունը:

Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ՆԳՆ-ն հայտարարեց 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին, որոնց թվում էր նաև երկրի շիա փոքրամասնության ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը՝ շեյխ Նիմալ ալ Նիմրը, որը 2012-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով:

Քարոզիչի մահը վրդովմունք առաջացրեց շիաների շրջանում, այդ թվում Իրրանում: Երկրի գերագույն ղեկավար, այաթոլլա Ալի Համենեին հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կառավարիչները իրենց պատիժը կստանան քարոզչին մահապատժի ենթարկելու համար:

Ավելի ուշ Իրանի խորհրդարանը կոչ արեց երկրի ԱԳՆ-ին նվազեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ: ԱԳՆ-ն պաշտոնական բողոք ներկայացրեց Էր Ռիադին: Իր հերթին սաուդյան ԱԳՆ-ն կանչեց Իրանի դեսպանին, բողոքի նոտա հանձնեց նրան և հայտարարեց, որ ագրեսիվ է համարում Իրանի արձագանքը շիա մահմեդականի մահապատժին, իսկ Թեհրանի պահվածքը գնահատում է որպես կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին: Նրան կոչ արեցին նաև ապահովել սաուդյան դեսպանատան անվտանգությունը Թեհրանում:

Սակայն, այնուամենայնիվ, հունվարի լույս 3-ի գիշերը Թեհրանում հարձակվեցին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Շենքը հրկիզվեց, ոստիկանությունը 40 մարդ ձերբակալեց, դիվագետները տարհանվեցին Իրանից:

Ավելի ուշ Սաուդյան Արաբիան դադարեցրեց ավիացիոն հաղորդակցությունն Իրանի հետ, ինչպես նաև երկկողմ առևտրային հարաբերությունները և արգելեց իր հպատակներին այցելել Իրան:

Ըստ Ալ Ջուբեյրի, սրբազան Մեքքա և Մեդինա քաղաքներում, սակայն, նախկինի պես ուրախ կլինեն ընդունել իրանցի ուխտավորներին, հայտնել է ՌԲԿ-ն:

Նա հավելել է, որ Իրանը պետք է սովորի իրեն պահել որպես «նորմալ երկիր», հեղափոխություններ սարքելու փոխարեն, և հարգի միջազգային իրավունքը: Այդ դեպքում երկկողմ հարաբերությունները կարող են վերականգնվել, հավելել է նախարարը: Հունվարի 4-ին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեց Սուդանը, նշելով, որ դա արվում է ի պատասխան Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա բարբարոսական հարձակմանը:

Դիվանագիտական բողոքին միացել են Միացյալ Արաբական Էմիրությունները: Ինչպես հայտնել է WAM գործակալությունը, այդ երկրի իշխանությունները որոշել են նվազեցնել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը մինչև գործերի հավատարմագրի:

Բահրեյնը ևս խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ և պահանջել է դիվանագետներից հեռանալ երկրից 48 ժամում:

Ըստ AP-ի, Բահրեյնի ԶԼՄ-ների գծով նախարար Իսա ալ Համադին նույնպես հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Իրանն իր հերթին մեղադրել է Սաուդյան Արաբիայի դեսպանության վրա հարձակումը որպես պատրվակ օգտագործելու մեջ՝ խզելու համար դիվանագիտական հարաբերություններն ու խորացնելու համար դիվանագիտական ճգնաժամը Մերձավոր Արևելքում:

Սաուդյան Արաբիան և Իրանը նավթի խոշորագույն արտահանողներից են աշխարհում: Առճակատումը նրանց միջև հանգեցրեց նավթի գնի աճին: Brent տեսակի նավթի առաքումները փետրվարի համար Լոնդոնի բորսայում հունվարի 5-ին կազմել են $37,95/բարել, ինչը 1,8% բարձր է փակման գնից:

Մինչդեռ ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է իրանցի ցուցարարների հարձակումը Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա՝ կոչ անելով Իրանին պաշտպանել սաուդացի դիվանագետներին ու պահպանել նրանց գույքը, հայտնում է Associated Press-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---