Թուրքիայի կողմից առաջիկայում Հայաստանի հետ սահմանի բացման մասին դատողությունները վաղաժամ են

PanARMENIAN.Net - Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացման խնդիրը շատ ավելի բարդ է, քան դա թվում է առաջին հայացքից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, խոսքը գնում է ոչ թե արտաքին քաղաքականության ոլորտում առանձին որոշման մասին, այլ Հայաստանի հանդեպ Թուրքիայի տարիների ընթացքում որդեգրած կուրսի վերանայման մասին: «Այդ կուրսը հիմնված է Հայաստանի հանդեպ ճնշման սկզբունքի վրա, նպատակ ունենալով զիջումների հասնել մի շարք հարցերում, այլ ոչ թե երկկողմ հարաբերություններում առկա բարդ խնդիրներում փոխադարձաբար ընդունելի զիջումների սկզբունքի վրա, որի վկայությունն են այդ երկրի ղեկավարության կողմից բազմիցս ձեւակերպված նախապայմանները հարաբերությունների նորմալացման համար»,-ընդգծել է նա:



Ըստ հայ թրքագետի, այդ կուրսի շրջանակներում Հայաստանի հետ սահմանի բացումը, որը զրկված է ելքից դեպի ծով, «ճնշման կարեւորագույն միջոց է կամ, այլ կերպ ասած, վերը նշված ճնշման կուրսի իրականացման գործիք»: Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը հնարավոր է միայն Հայաստանի հանդեպ Թուրքիայի տարիների ընթացքում որդեգրած կուրսի վերանայման պայմաններում: «Իհարկե, դա բարդ գործընթաց է, որ զգալի ժամանակ, մի շարք կարծրատիպերի վերաիմաստավորում եւ Հայաստանի հանդեպ թուրքական դիվանագիտության ռազմավարական գծի որոշ հիմնարար սկզբունքներից հրաժարում է պահանջում»,-գտնում է նա:



Արեւելագիտության ինստիտուտի տնօրենը ափսոսանք է հայտնել, քանի որ այնպիսի նշաններ չկան, թե նման գործընթաց արդեն սկսվել է: «Թուրքական քաղաքական վերնախավում առկա է կոնսենսուս դեռեւս անցած տասնամյակում Հայաստանի հանդեպ որդեգրած կուրսի հարցում` ոչ մի թեկուզ փոքր հեղինակություն ունեցող կուսակցություն, հասարակական-քաղաքական մտքի ոչ մի ուղղություն առաջ չի քաշում ոչ մի բան, որը գոնե հեռավոր նմանություն ունենար այլընտրանքային մոտեցմանը: Ասվածը հավասարապես վերաբերում է ինչպես իսլամիստներին, այնպես էլ քեմալիստներին եւ ուլտրա-ազգայնականներին, ինչպես աջերին, այնպես էլ ձախերին: Վերջին օրերին թուրքական մամուլում հայտնված հրապարակումների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ որոշ ազդեցիկ ամերիկյան շրջանակներ, իհարկե, հետապնդելով իրենց շահերը, ուժեղացրել են ճնշումը Թուրքիայի հանդեպ այդ հարցում: Որպես ճնշման միջոց նրանք օգտագործում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը, որը բավականին իրական է դարձել ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատական կուսակցության հաղթանակից հետո. նրանք ընդգծում են, որ դրանից խուսափելու միակ միջոցը Հայաստանի գրեթե 15 տարի առաջ շրջափակված սահմանի բացումն է»,-ասել է Սաֆրաստյանը:



Միեւնույն ժամանակ նա նկատել է, որ նույնիսկ եթե իշխող իսլամիստական Արդարության եւ զարգացման կուսակցությունը պատրաստ լինի փոքր զիջումների գնալ այդ հարցում, երկրի ռազմական ղեկավարությունը բավարար միջոցներ ունի այն արգելափակելու համար: «Մասնավորապես, ավանդաբար զինվորականների ազդեցության տակ գտնվող Ազգային անվտանգության խորհուրդը դեռեւս 2000 թ. Հայաստանի հետ կապված բոլոր հարցերը դասեց ազգային անվտանգության ոլորտին, այսինքն իրեն է վերապահել վճռորոշ ձայնի իրավունքը: Ելնելով ասվածից, վաղաժամ եմ համարում դատողությունները Թուրքիայի կողմից մոտ ապագայում Հայաստանի սահմանի բացման հնարավորության մասին»,-հայտարարել է դոկտոր Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---