Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանից ցերեկային թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվի

Մարտի 1-ից Թբիլիսիի օդանավակայանից ցերեկային թռիչքներ ժամանակավորապես չեն իրականացվի

PanARMENIAN.Net - Շոթա Ռուսթավելու անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մարտի 1-ից մինչև հուլիսի 1-ը հատուկ ժամանակացույց է սահմանում ինքնաթիռների սպասարկման համար, որով ցերեկային թռիչքները ժամանակավորապես չեն իրականացվի:

Ինչպես ասվում է օդանավակայանի աշխատակազմի հաղորդագրության մեջ, ցերեկային չվերթների չեղարկման պատճառը թռիչքուղու վերանորոգման աշխատանքներն են, այդ կապակցությամբ ցերեկային չվերթները իրականացվելու են գիշերային ժամերին, հայտնում է Interfax-ը:

«Ըստ ժամանակացույցի, օդանավակայանը փակ կլինի օդանավերի թռիչքների և վայրէջքների համար մարտի 1-27-ը` 09:30-ից մինչև 15:00-ն, մարտի 27-ից հուլիսի 1-ը ներառյալ` 10:00-ից մինչև 20:00-ն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

2005-ից Թբիլիսիի միջազգային օդանավակայանը փոխանցվել է TAV Urban Georgia կառավարմանը 20 տարի ժամկետով: Ըստ 2015-ի մայիսին թարմացված պայմանագրի, թուրքական ընկերությունը կկառավարի օդանավակայանը մինչև 2027 թվականը` ներդնելով 30 մլն դոլար: Օդանավակայանի արդիականացման շրջանակում նախատեսվում է թռիչքուղու վերակառուցում, որը նախատեսված է ավարտել 2016-ի հունիսի վերջում: 2015-ին Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1 847 111 ուղևորի, ինչը 17,25% ավելի է, քան 2014-ին:

Փետրվարի 7-ի դրությամբ Թբլիսիի օդանավակայնը 24 ժամում ընդունում և ճանապարհում է 45 կանոնավոր չվերթ, այդ թվում 28 ցերեկային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---