ԱԺ փոխնախագահ. ԼՂ անկախությունն այլընտրանք չունի, որոշիչ փուլում Արցախը կդառնա բանակցությունների լիարժեք կողմ

ԱԺ փոխնախագահ. ԼՂ անկախությունն այլընտրանք չունի, որոշիչ փուլում Արցախը կդառնա բանակցությունների լիարժեք կողմ

PanARMENIAN.Net - Որոշիչ փուլում ԼՂՀ-ն դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ: Այս մասին լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր նպատակը մեկն է` անել ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով ճանաչվի Արցախի անկախությունը: Եվ մեկ անգամ չէ, որ նշել ենք` Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը: Որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ: Ադրբեջանն ուզի, թե ոչ, Թուրքիային դուր գա, թե ոչ, Արցախը դառնալու է բանակցությունների կողմ»,- ասել է Շարմազանովը:

Նա նար պարզաբանել է, թե ինչո՞ւ էին եվրոպացի պատգամավորները եկել Հայաստան և ԼՂՀ:

Այս օրերին Հայաստանում և Արցախում էին Չեխիա-Հայաստան, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարները, Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Յանա Կանալին: Նրանք հանդիպումներ են ունեցել նախագահ Բակո Սահակյանի և ԼՂՀ խորհրդարանի ղեկավարի հետ:

«Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Սա ագրեսիա է ընդդեմ խաղաղ բնակչության: Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը»,- ըստ ԱԺ փոխնախագահի, պնդել են եվրոպացի պատգամավորները: Իսկ հույն պատգամավորը նաև ուղիղ համեմատություն է տարել Փարիզում, Բրյուսելում և ԼՂՀ-ում իրականացվող ահաբեկչությունների միջև` ասելով, որ դրանք եվրոպական քաղաքակրթության համար նույն նշանակությունը պետք է ունենան:

Ի դեպ, Շարմազանովի խոսքով, եվրոպացի պատգամավորներին չի հետաքրքրում, որ իրենք հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ, գրում է Aravot.am-ը:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ, ՀՀ-ն, որպես Արցախի հանրապետության երաշխավոր, պետք է քայլեր ձեռնարկի Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման համար: Դրանք թե ռազմական, թե քաղաքական են:

Շարմազանովը՝ խոսելով երկրում առկա անարդարություններից և պատասխանելով այն հարցին, թե արդյոք ժամանակը օլիգարխների ունեցվածքը վերցնել և ուղղել բանակը զինելուն, ասել է, թե ծայրահեղ գնահատականներ պետք չի տալ: «Բայց շատ հարցերում մեր դիրքորոշումը վերանայելու անհրաժեշտություն կա»,- նկատել է նա:

«Մեր դիրքորոշումը պետք է լինի ավելի նպատակային խնդիրների վրա: Բյուջեի քննարկմանն ավելի ուշադիր լինենք, միգուցե շռայլություն է մի փոքր թույլ տրվել, չպետք է թույլ տանք և այդ միջոցները պետք է ուղղենք սահմանապահ գոտիներ, բանակին, տնտեսության զարգացմանը: Իհարկե, վերանայման խնդիր կա, սթափ, առանց զգացմունքայնության, որովհետև զգացմունքայնությունը խանգարելու է»,- ասել է ԱԺ փոխնախագահը, գրում է Tert.am-ը:

Շարմազանովը պատասխանել է այն հարցին, թե ինչու պետք է զինվորը 80-ականների զենքով կռվի: Ըստ նրա, այդ պատասխանը տվել են ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը և ԶՈւ շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Իսկ քաղաքական առումով, ըստ նրա նախագահն այդ մասին ասել է՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ հայ զինվորը 80-ականների զենքով կարող է կռվել գերժամանակակից սպառազինություն ունեցող ադրբեջանական բանակի դեմ ու հաղթել: «Սա մեսիջ էր ուղղված նաև Ադրբեջանին, որ դու միլիարդավոր դոլարով զենք ես գնում, բայց մեր զինվորը 80-ականների զենքով կարող է քեզ գերազանցել»,- պարզաբանել է Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը նկատել է, որ հիացած չեն ՀԱՊԿ որոշ գործընկերների պահվածքով, բայց, այնուամենայնիվ, բոլոր խնդիրներով հանդերձ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին բխում է ՀՀ շահերից,

«Ավելին, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ից դուրս գալ պետք է հասկանան, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի այլընտրանքը մեր տարածաշրջանում Թուրքիան է, իսկ Թուրքիան այս 100 տարվա ընթացքում դժբախտաբար չի փոխվել և, մնում է Հայաստանի և տարածաշրջանի համար հիմնական սպառնալիքներից մեկը»,- նշել է Շարմազանովը, գրում է Haynews.am-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում ասել է. «Մենք կռվում ենք հիմնականում 80-ական թվականների զենքով, բայց այս երեք օրվա կոնֆլիկտը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, և ադրբեջանցիները ինչ կորուստներ ունեն, և մենք ինչքան կորուստներ ունենք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---