ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ցանկալի է՝ շփման գծում վայրագությունները հետաքննելու հնարավորություն լիներ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ. Ցանկալի է՝ շփման գծում վայրագությունները հետաքննելու հնարավորություն լիներ

PanARMENIAN.Net - Ցանկալի կլիներ, որ ղարաբաղա-ադրբեջանականշփման գծում վայրագությունները հետաքննելու հնարավորություն ընձեռվեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է Tert.am-ը։

«Մենք մեղադրանքներ ենք ստանում մի քանի կողմերից: Մեզ համար, որպես Եվրոպական Միության ներկայացուցիչներ, ինչպես և այլ միջազգային կազմակերպությունների համար բարդ է գնահատական տալ իրավիճակին: Մի բան պարզ է՝ մենք դատապարտում ենք տեղի ունեցած բոլոր վայրագությունները: Մենք կցանկանայինք, որ դրանք հետաքննելու հնարավորություններ ընձեռվեին` մեղավորներին պատժելու համար»,-հայտարարել է Հերբերտ Զալբերը։

Հարցին, թե մտադի՞ր է արդյոք այցելել Ադրբեջան և քննարկել իրավիճակը, ԵՄ պաշտոնյան պատասխանել է, որ պարբերաբար այցելություններ է կատարում Հայաստան և Ադրբեջան և քննարկումներ ունենում երկու կողմերի հետ։ «Եվ ես մտադիր եմ շարունակել այս ավանդույթը»,-հավելել է նա։

Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը Կարեն Միրզոյանը տեղեկատվություն է ներկայացրել ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների մասին, ընդգծելով, որ այն 1994 թ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրի աննախադեպ խախտում էր։ Կարեն Միրզոյանը նշել է, որ ձգտելով տապալել բանակցային գործընթացը և մերժելով իրավիճակի կայունացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները, Ադրբեջանը փորձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, պատերազմի օրենքների և սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով: Կարեն Միրզոյանը նաև հիշեցրել է, որ ԼՂՀ իշխանությունները բազմիցս նախազգուշացրել են միջազգային հանրությանը, որ վճռական և հասցեական քննադատության բացակայությունը Բաքվի մոտ ստեղծում է ամենաթողության կեղծ զգացողություն և ճանապարհ հարթում նորանոր արկածախնդրությունների համար։

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդգծել է դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցելությունների կարևորությունը՝ ստեղծված իրավիճակի մասին օբյեկտիվ պատկերացում կազմելու և ադրբեջանական ագրեսիայի պատճառների ու հետևանքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու համար։

Կողմերը նշել են իրավիճակի ապակայունացման հետագա փորձերը բացառելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու ջանքերի կարևորությունը։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---