Բերեզովսկին՝ «Դինամոյի» մարզչական շտաբում

Բերեզովսկին՝  «Դինամոյի» մարզչական շտաբում

PanARMENIAN.Net - Նախկին ֆուտբոլիստ Յուրի Կալիտվինցևը նշանակվել է Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնում։

«Այսօր տնօրենների ժողովի ժամանակ որոշվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Յուրի Նիկոլաևիչ Կալիտվինցևին։ Որոշումն ընդունվել է միաձայն»,- հունիսի 6-ին հայտարարել է «Դինամոյի» ղեկավարության ներկայացուցիչ Վլադիմիր Պրոնիչևը, գրում է Galatv.am-ը։

Կալիտվինցևին օգնելու են Գենադի Լիտովչենկոն, Յուրի Կովտունը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Ակումբի սպորտային տնօրենի պաշտոնում նշանակվել է Ռոման Օրեշյուկը։

2015-16թթ․ մրցաշրջանում Բերեզովսկին եղել է «Դինամոյի» դարպասապահների մարզիչը։

Հայաստանի ու Բելառուսի հավաքականների խաղը 2016-ի մարտին հրաժեշտի հանդիպումն էր հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար: Նա փոխարինվեց խաղի 8-րդ րոպեին՝ երկրպագուների ծափերի ներքո, իսկ խաղակեսի ժամանակ պարգևատրվեց մեքենայով ու քաղաքապետի մեդալով: Հավաքականի լեգենդար դարպասապահի հանդեպ երկրպագուները շնորհակալ և բարյացակամ վերաբերմունք ցուցադրեցին:

Բերեզովսկին չի բացառել, որ ապագայում կարող է դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ: Նման հայտարարությամբ է նա հանդես եկել «Զվարթնոց» օդանավակայանում, ժամանելով Երևան հավաքականի կազմում իր հրաժեշտի հանդիպմանը: «Ամեն ինչ հնարավոր է: Այս պահին ես անփորձ մարզիչ եմ, նոր եմ սկսել զբաղվել (մարզչական աշխատանքով – խմբ.): Հուսամ, հնարավորինս արագ փորձ ձեռք կբերեմ, որպեսզի օգտակար լինեմ Հայաստանիս», - ասել է նա:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում:Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): Ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության չորս ( 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության հինգ (1998, 2002, 2006, 2010, 2014) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է (71 խաղ)։

Ռոման Բերեզովսկին նաև ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո»: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---