Անկարային եւ Բաքվին հակազդելու համազգային ռազմավարաություն մշակելու ժամանակն է

PanARMENIAN.Net - Բաքվի պետական պրոպագանդան ակտիվորեն աշխատում է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ բոլոր այն երկրներում, որտեղ կան Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններ: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ-ռուսական միության (ՌԴ-ի Հայ Դատի կոմիտե) ղեկավար Յուրի Նավոյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի ադրբեջանական համայնքը հայկականից մեծ է եւ լավ կազմակերպված է, ինչը չի կարելի ասել հայկական մասին: «Ադրբեջանցիները շատ ագրեսիվ են տրամադրված, հատկապես, երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին է: Նրանք հանրահավաքներ են կազմակերպում, հանդիպումներ ռուս քաղաքական գործիչների հետ, որտեղ իրենց «ճշմարտությունն» են ասում Խոջալուի մասին: Բացի դրանից, նրանք խոսելու բան չունեն: Մեր աշխատանքն այդ տեսանկյունից մի քանի ուղղությամբ է տարվում. մենք պատմում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բացատրում ենք Ղարաբաղյան հակամարտության իրավիճակը»,- ասել է Նավոյանը:



Իր հերթին, «Հայ Դատի» սկանդինավյան կոմիտեի ղեկավար Սյուզան Խարդալյանն ընդգծել է, որ Շվեդիայի հայ համայնքը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց, այն դեպքում, երբ ադրբեջանականը` 100 հազար: «Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության շահերը կապված են Թուրքիայի հետ, եւ այդ տեսանկյունից մեզ համար շատ բարդ է աշխատել: Ադրբեջանական, պարսկական եւ թուրքական համայնքները միասնական ճակատով են հանդես գալիս, ինչի դեմ եւ ուղղված է սկանդինավյան երկրներում «Հայ Դատի» հանձնախմբի հիմնական գործնեությունը»,- նշել է Խարդալյանը:



Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Արիս Պապիկյանի խոսքերով, Թուրքիան եւ Ադրբեջանը տարեկան $10 մլն. են ծախսում PR- միջոցառումների համար: Այդ երկրների դեսպանները շատ ակտիվ են աշխատում, ի տարբերություն հայկական դեսպանատան»,- ընդգծել է Պապիկյանը: Նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում Թուրքիային եւ Ադրբեջանին հակազդելու համար համազգային ռազմավարաություն մշակելու ժամանակն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---