Նախագահը՝ Պապին. Մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը

Նախագահը՝ Պապին.  Մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը

PanARMENIAN.Net - Հայաստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Առանձնազրույցից առաջ նախագահը շնորհակալություն հայտնել Հռոմի Պապին՝ Հայաստան այցելելու համար:

«Մենք երախտապարտ ենք ձեզ մեր հրավերն ընդունելու ու քրիստոնյա առաջին երկիրը այցելելու համար: Շատ շնորհակալ ենք մեր հինավուրց հողին ու բազմաչարչար ժողովրդին օրհնություն ու ջերմություն բերելու համար: Բարով եք եկել Հայաստան»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանն այս տարի տոնելու է անկախության 25-ամյակը:

«Այս տարիների ընթացքում մեզ համար պատմական իրադարձություններ են եղել: Նկատի ունեմ նորին Սրբություն Հովհաննես Պողոս պապի այցելությունը, ՀՀ առաջին եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորչի արձանի տեղադրումը։ Անշուշտ, նկատի ունեմ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ու Ձեր կողմից մատուցած պատարագն ու, իհարկե, մեզ համար չափազանց մեծ նշանակություն ունի մեր ազգի լուսավոր զավակներից մեկի՝ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետի կոչում շնորհելը»,- ասել է Սարգսյանը:

«Ձե՛րդ Սրբություն, ինչպես իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարա­ձայնություններին և ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատև ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների մեջ աջակցել միմյանց։

Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակ­ցութ­յան, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տևական խաղաղության հիմքում ժողովուրդների ազա­տության ու ազատ կամընտրության գաղափարն է։

Նախագահի նստավայրում Քահանայապետի այցի ժամանակ մարվել և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ են դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ և չորս նամականիշ, որոնք ձևավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք ևս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:

Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաև Պապի հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը և Ֆրանցիսկոս Պապի զինանշանը: Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձևաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ ցույց տալով առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարելիք այցը, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երևանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:

Հանդիպումից հետո, արարողակարգի համաձայն, տեղի է ունեցել նվերների փոխանակում: ՀՀ Նախագահը Հռոմի Պապին նվիրել է «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու բրոնզե արձանիկը:

Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին, որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հռոմի պապը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

Կարդացեք նաև՝ Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

Կաթողիկոսը՝ Պապին. Մեր եկեղեցին մասնակցում է համաքրիստոնեական կյանքին, զարթոնք ապրում

15  24.06.16 - Հռոմի պապի՝ հայաստանյան այցի առթիվ թողարկված նամականիշների մարման արարողությունը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---