52  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում

Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

PanARMENIAN.Net - Հայ ազգի համար քրիստոնեությունն ինքնության կարևոր բաղկացուցիչներից մեկն է, որը հայերը պահպանել են ուժով և ժրաջանությամբ: Այդ մասին է հայտարարել Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Էջմիածնում Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողության ժամանակ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամը 15:35-ին հայ հոգևորականների ուղեկցությամբ և եկեղեցու զանգերի ներքո ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Հռոմի պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

«Հուզումով ոտք դրեցի ձեր ժողովրդի պատմության վկայի, նրա հոգեկանության լուսաշող կենտրոնի, այս սրբազան վայրի շեմին, և Աստծու թանկագին պարգևն եմ համարում, որ կարողացա մոտենալ սուրբ սեղանին՝ որից Քրիստոսի լուսը սփռվեց Հայաստանում», - ասել է նա:

«Այս հանդիսավոր առիթով Տիրոջ գոհությունն եմ մատուցում ձեր երկրում վարած հավատի լույսի համար. հավատ՝ որ Հայաստան աշխարհին տվեց իր ուրույն ինքնությունը և նրան Քրիստոսի պատգամաբերը կարգեց Ազգերի մոտ: Քրիստոս է Ձեր փառքը, Ձեր լույսը, արեգակը՝ որ Ձեզ լուսավորեց և նոր կյանք պարգևեց, որ Ձեզ ուղեկցեց և սատարեց հատկապես մեծագուն փորձությունների պահերին: Խոնարհվում եմ Տիրոջ ողորմության առաջ, որ կամեցավ Հայաստանը լիներ առաջին Ազգը, 301 թվականից, ընդունելու քրիստոնեությունը որպես իր կրոնը, այնպիսի ժամանակաշրջանում՝ երբ հռոմեական կայսրության մէջ դեռ բորբոքվում էին հալածանքերը», - ասել է Պապը:

«Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգև՝ ուրախությամբ ընդունելի և ժրաջանությամբ և ուժով պահպանելի: Այդ պահից այլևս անհնար է մտածել, որ տվյալ ինքնության բաղադրիչների շարքին տեղ չի գտնի Քրիստոսի հավատը, որպէս էական բաղկացուցիչ», - նշել է նա:

Պապի խոսքով, դժբախտաբար աշխարհը բաժանումներով և ընդհարումներով է խառանված, ինչպես նաև նյութական և հոգևոր աղքատության ծանր վիճակներով, ներառյալ մարդկանց, նույնիսկ երեխաների և ծերերի չարաշահումը, և ակնկալում է քրիստոնյաներից փոխադարձ գնահատման և եղբայրական համագործակցության վկայություն, որպեսզի կրկին փայլի ամեն խղճի առաջ Քրիստոսի Հարության զորությունն ու ճշմարտությունը:

«Համբերատար և մշտանորոգ ջանքը դեպի լիարժեք միություն, համատեղ ձեռնարկների հզորացումը և ի տես հասարակաց բարիքի, Տիրոջ բոլոր աշակերտների միջև համագործակցությունը՝ նման են լույսի՝ խավարամած գիշերվա մեջ, և կանչ է ապրելու սիրով և նույնիսկ տարբերությունների փոխըմբռնմամբ: Համանիության ոգին օրինակելի է դառնում նաև եկեղեցական հասարակության տեսանելի սահմաններից դուրս, և բոլորի համար ներկայացնում է մի զորավոր կոչ՝ տարակարծությունները երկխոսությամբ և արժևորելով այն՝ ինչ միացնում է:

Համամիության ոգին միաժամանակ արգելում է հավատի չարաշահումն ու շահարկումը, որովհետև պարտավորեցնում է հայտնաբերել նրա հարազատ արմատները, հաղորդել, պաշտպանել և տարածել ճշմարտուէյունը՝ յուրաքանչյուր մարդկային էակի արժանապատվութեան պահպանմամբ, և այնպիսի ձևերով, որոնցից թափանցի այն սիրո և փրութեան ներկայությունը՝ որ ցանկանում ենք սփռել:

Այսպես, համոզիչ վկայություն ենք տալիս աշխարհին, որ նրա ահավոր կարիքն ունի, թէ Քրիսոտոս կենդանի է և գործուն, կարող՝ ազգերի, մշակույթների և կրոնների միջև միշտ նորանոր հաշտության ճանապարհներ բացելու: Վկայում ենք և հավատացնում որ Աստված սեր է և գթասրտություն», - նշել է Ֆրանցիսկոս Պապը:

«Սիրելի եղբայրներ, երբ մեր գործը ներշնչված է և մղված Քրիստոսի սիրո ուժով, զարգանում են փոխադարձ ճանաչումն ու համարումը, մատնանշւում է յուրաքանչյուր բարի կամք ունեցող անձի և ամբողջ հասարակութեան՝ առարկայական երթևեկելի ճանապարհ՝ ներդաշնակելու համար հակամարտությունները, որ պատառոտում են քաղաքակիրթ կյանքը և փորում են դժվար բուժվող բաժանումներ: Ամենակարողն Աստուած, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, բարեխոսութեամբ ամենասրբուհի Մարիամի, «սիւն լուսոյ Հայաստանեայց Եկեղեցւոյ» Գրիգոր Լուսավորչի և Եկեղեցու Վարդապետ սուրբ Գրիգոր Նարեկացու, օրհնի բոլորդ և ամբողջ Հայ Ազգը և միշտ պահպանի այն հավատի մեջ, որ ստացել է հայրերից և փառավոր վկայություն տվել դարեդար», - եզրափակել է Պապը:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Կարդացեք նաև՝ ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել

59  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---