Հայաստան-Դանիա՝ 0:1. Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել

Հայաստան-Դանիա՝ 0:1. Աշխարհի 2018-ի ընտրական փուլը ՀՀ հավաքականը պարտությամբ է սկսել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018-ի առաջնության ընտրական փուլի Դանիայի հետ խաղում պարտվել է նվազագույն հաշվով՝ 0:1:

Միակ գոլը խփել է Քրիստիան Էրիկսենը՝ խաղի 18-րդ րոպեին:

Խաղի 72-րդ րոպեին Հայաստանի դարպասին 11 մետրանոց էր նշանակվել, սակայն դարպասապահ Արսեն Բեգլարյանը կարողացել է հետ մղել նույն Էրիկսենի գնդակը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Դանիայից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո ասել է.

«Եթե հաշվի առնենք այն ֆուտբոլիստներին, որոնք չէին ժամանել հավաքի վնասվածքների պատճառով և նրանց, ովքեր վնասվածք ստացան ընթացքում, մեր կազմից 5-6 ֆուտբոլիստ բացակայում էր վնասվածքի պատճառով։ Դանիան շատ լավ հավաքական է, բայց եթե վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները մեր տրամադրության տակ լինեին, հաշիվը կարող էր լրիվ այլ լինել։ Հատկապես զգացվեց մեր ավագի՝ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը։

Ես կարծում եմ, որ այն, ինչ արեց Չեխիայի հավաքականի պաշտպանը Մխիթարյանի հետ դրվագում, չի գեղեցկացնում ֆուտբոլը», - մեջբերում է Armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը։Մխիթարյանը բժշկական հետազոտություն է անցել Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի կլինիկաներից մեկում։ Նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ: Այսպիսի վնասվածքների ապաքինման համար սովորաբար պահանջվում է մեկ շաբաթից մինչև 10 օր:

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---