Հայաստանի անվտանգությունը անվտանգության միջազգային համակարգի անբաժան մասն է

PanARMENIAN.Net - Գտնվելով Արեւելքի եւ Արեւմուտքի, Հյուսիսի եւ Հարավի, Եվրոպայի եւ Ասիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության շահերի բախման գոտում Հարավկովկասյան տարածաշրջանը մեծապես զգում է այդ շահերի մրցակցության եւ շփման ազդեցությունը: Այդ կապակցությամբ անվտանգության ապահովման ոլորտը եւ այստեղ կատարվող գործընթացները էապես քաղաքականացված են եւ կենսական նշանակություն են ձեռք բերում այս տարածաշրջանի երկրների համար, հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա խոսքերով, վերջերս Հարավային Կովկասում սկսել է էապես աճել այդ միջազգային ռազմաքաղաքական ուժերի ազդեցությունը, որի հետեւանքով տարածաշրջանում ակտիվացել է շահագրգիռ ուժերի, գերտերությունների, անվտանգության համակարգերի գործունեությունը: Դա պայմանավորված է հակաահաբեկչական պայքարի գլոբալիզացմամբ, Մերձավոր եւ Միջին Արեւելքում ծավալված ռազմական գործողություններով, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման գործընթացներով, ԱՊՀ-ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրմամբ, ինչպես նաեւ էներգետիկ շուկայի եւ էներգամատակարարման, ֆինանսական գործընթացների, տրանսպորտային եւ հաղորդակցման-տեղեկատվական ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների տարածման զարգացման եւ ընդլայնման աշխարհաքաղաքական գործոններով:



Ինչպես նշել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը, Հայաստանը ընդգրկված է տարածաշրջանային եւ միջազգային այդ գործընթացներում: «Մեր երկրի անվտանգ ապագայի կառուցումը մենք դիտարկում ենք տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանի անվտանգությունը միայն ներպետական գործոն չէ, այլ հանդիսանում է անվտանգության միջազգային համակարգի անբաժան մասը: Այդ առումով Հայաստանի անվտանգության ապահովման ռազմավարությունը եւ դրա հետ կապված խնդիրները, հիմնված լինելով ազգային եւ համաժողովրդավարական արժեքների վրա, ուղղված են միջազգային, այդ թվում նաեւ տարածաշրջանային ինտեգրմանը: Տարածաշրջանային անվտանգության միջավայր ձեւավորող վերը նշված բազմակողմ գործընթացների եւ հիմնական գործոնների վերլուծությունը եւ կանխատեսումը կարեւոր են, քանի որ հենց այդ միջավայրում է զարգանում, իր ապագան կառուցում Հայաստանի Հանրապետությունը»,-նշել է Միքայել Հարությունյանը, հաղորդում է «Կռասնայա զվեզդա» թերթը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---