Նախարար. Նոյեմբերի 12-ից հայ գիտնականները կարող են մասնակցել «Հորիզոն-2020»-ի բոլոր մրցույթներին

Նախարար. Նոյեմբերի 12-ից հայ գիտնականները կարող են մասնակցել «Հորիզոն-2020»-ի բոլոր մրցույթներին

PanARMENIAN.Net - Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հանդիպումը Երևանում տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` բացման խոսքով հանդես գալով Երևանում մեկնարկած Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին:

Միջոցառմանը, որը հյուրընկալում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մասնակցում են Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը, Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը, Սլովակիայի կրթության, գիտության, հետազոտության և սպորտի նախարար Պետեր Պլավչանը, Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլիա Գրինևիչը, Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Թամազ Մարսագիշվիլին, Բելոռուսի Գիտության պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը, Մոլդովայի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Դուկան:

Ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուընկալումը մեր երկրի համար մեծ պատիվ է. «Հանդիպումը տեղի է ունենում մեր պետության համար շատ կարևոր ժամանակահատվածում, քանի որ այն համընկնում է ՀՀ ասոցացմանը՝ Եվրոպական Միության «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին: Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավական երկար և պատասախանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ համաձայն ՀՀ օրենսդրության` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին»:

Նախարարը նշել է, որ «Հորիզոն-2020» ծրագիրը Հայաստանի գիտական հանրության առջև բացում է նոր հնարավորություններ. նոյեմբերի 12-ից հայ գիտնականներն ու գիտական կազմակերպություններն ունեն ընդհանուր մուտք «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում հայտարարվող բոլոր մրցույթներին:

«Մենք գիտակցում ենք, որ անդամակցումը ծրագրին առաջին կարևոր քայլն է, որից հետո մեզանից հետևողական ջանքեր են պահանջվելու՝ արդյունավետ օգտագործելու ընձեռված հնարավորությունները»,-իր խոսքում նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է ամենյան ուշադրությամբ գնահատի մեր երկրի գիտական հնարավորություններն ու պոտենցիալը՝ առաջին հերթին Արևելյան գործընկերության համագործակցության շրջանակներում»,-ասել է նա:

Վստահություն հայտնելով, որ «Հորիզոն-2020» ծրագիրը կնպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը՝ Լևոն Մկրտչյանը կարևորել է Եվրոպական համայնքի կողմից Հայաստանի գիտական և գիտատեխնիկական փորձաքննության համակարգի գնահատումը, որն իրականացվել է 2015 թվականին. «Մենք նաև հույս ունենք, որ ծրագրի շրջանակում կարվի նոր գնահատում, որը հնարավորություն կտա մեզ ճշտումներ մտցնել մեր կողմից վարվող քաղաքականության մեջ»,- ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը և Հետազոտության, գիտության և նորարարության ԵՄ հանձնակատար Կարլոս Մոյեդաշը:

Մեկնարկել է պատվիրակության ղեկավարների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումը, հայտնում է կրթության նախարարության մամուլի ծառայությունը:

Հայաստանը «Հորիզոն 2020»-ի լիիրավ անդամ է դարձել 2016-ին: Համաձայնագրի շնորհիվ ՀՀ գիտական կազմակերպությունները, բուհերը, ասպիրանտներն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել «Հորիզոն-2020» ծրագրով ամենատարբեր ոլորտներում տրամադրվող բոլոր հնարավորություններից՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին միացած գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---