Մոուրինյո. Մխիթարյանը կմասնակցի «Ֆեյենոորդի» հետ խաղին

Մոուրինյո. Մխիթարյանը կմասնակցի «Ֆեյենոորդի» հետ խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Եվրոպայի լիգայի «Ֆեյենոորդի» հետ խաղին: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երբ կկարողանան երկրպագուները տեսնել Մխիթարյանին գործողության մեջ, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն ասել է. «Ես ասել եմ նրան, որ նա կմասնակցի «Ֆեյենոորդի» դեմ խաղին: Նա կաշխատի դրսևորել իրեն»:

«Իհարկե, նա երջանիկ չէ, բայց նա ճիշտ է փոխակերպում իր հիասթափությունը` քիչ է խոսում և շատ աշխատում, և ջանում է հարմարվել: Շաբաթօրյա խաղից հետո ես ասացի նրան. «Այս խաղը քո համար չէր», քանի որ, չեմ կարծում, որ նրան 10 կամ 20 րոպե փոխարինման դուրս գալ է պետք: Ես ասացի նրան. «Քեզ լավ խաղ է հարկավոր, որտեղ դու պետք է դուրս գաս մեկնարկային կազմում, իսկ եթե ոչ մեկնարկային, ապա, առնվազն, երկրորդ խաղակեսում»: Նրան մի խաղ է պետք, որտեղ ավելի քիչ կլինի ճնշումն ու ավելի հարմար պայմաններ կլինեն իրեն դրսևորելու համար»,-ասել է Մոուրինյոն:

ԱՊԼ 11 փուլում Մխիթարյանն անցկացրել է 4 հանդիպում, գոլեր ու գոլային փոխանցումներ չի գրանցել: Ընդհանուր առմամբ Մխիթարյանն ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---