ՀՀ ԱԺ. ԼՂՀ նախագահի ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որը հետեւել է ԼՂՀ նախագահական ընտրություններին, հանդես է եկել նախնական եզրակացությամբ ընտրությունների ընթացքի մասին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Տվյալ զեկույցը կազմված է մինչեւ ընտրությունների պաշտոնական արդյունքների հաշվառումն ու հրապարակումը եւ մինչեւ ընտրությունների օրը ներկայացված բողոքների ու բողոքարկումների քննարկումը: Նշվում է, որ «նախագահական ընտրությունները ստացել են հասարակական լայն աջակցություն, տվյալ ընտրությունները մեկ անգամ եւս ցույց են տվել, որ Լեռնային Ղարաբաղում առկա է այն բանի ըմբռնումը, որ ընտրությունների ինստիտուտը հանդիսանում է ժողովրդավարական իշխանություն ձեւավորելու անհրաժեշտ տարր»: Իշխանություններն ընդհանուր առմամբ դրսեւորել են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը /ԿԸՀ/ գովասանքի արժանի ջանքեր է գործադրել այս ընտրությունները արհեստավարժորեն եւ վստահության արժանի կերպով անցկացնելու համար:





Տեխնիկական բնույթի առանձին խախտումները, որոնք արձանագրվել են դիտորդների կողմից քվեարկության օրը, ընդհանուր առմամբ, չեն կարող ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա: ԼՂՀ նախագահի ընտրությունների դիտորդական առաքելությունը նշում է այս ընտրությունները նախորդներից տարբերակող հետեւյալ դրական պահերը.



« Ինչպես օրենսդրական հիմքի, այնպես էլ քվեարկության գործընթացի բարելավում:



« ԿԸՀ-ի թափանցիկության եւ արհեստավարժության աճ:



« Ընտրողների ցուցակների բարելավմանն ուղղված ջանքեր:



« Նշանակալիորեն ազատ եւ հանգիստ նախընտրական շրջան, ինչպես նաեւ նախընտրական արշավների ակտիվության բարձր մակարդակ:



« Տեղական ոչ կառավարական կազմակերպությունների դրական ներգրավածությունը նախընտրական շրջանում:



« Ընտրական հանձնաժողովներում քաղաքական կուսակցությունների համապատասխան ներկայացվածություն բոլոր մակարդակներով:



« Քվեարկության ժամանակ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովում:



« Ընտրատեղամասեր մուտքի հնարավորության բարելավում, մասնավորապես, հաշմանդամների համար:



Միաժամանակ գործընթացի որոշ տեսանկյուններ ենթակա են քննարկման` առաջընթացի շարունակման եւ մտահոգության տեղիք տվող հարցերի լուծման նպատակով, մասնավորապես.



« Առանձին թեկնածուների բողոքները նախընտրական շրջանում իշխանության միջին եւ ցածր օղակներում վարչական ռեսուրսի օգտագործման փորձերի մասին, որոնք, ըստ մեր հանդիպումների, կրել են չպլանավորված բնույթ եւ հանդիսացել են առանձին մանր չինովնիկների չափազանց փութաջանության օրինակ:



« Ընտրությունների օրը տեղական դիտորդների ոչ բավարար ակտիվ ներգրավումը / միայն 8 տեղական դիտորդներ են գրանցվել ԿԸՀ-ում /:



ՀՀ ԱԺ դիտորդական առաքելությունը իշխանություններին խորհուրդ կտար`



-աջակցել ընտրական գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց մանրակրկիտ ուսուցմանն ուղղված ջանքերը, հատկապես ձայների հաշվառման եւ հանրագումարի բերման ընթացակարգի ոլորտում` արհեստավարժական չափանիշների բարձրացման եւ օրինական կարգադրությունների ու վարչարարական կանոնների իրականացման ապահովման նպատակով,



-սկսել ընտրողների ցուցակները համակարգիչ մտցնելու, համախմբելու եւ կենտրոնացնելու գործընթացը:



Իրավական դաշտ





2007թ. հուլիսի 19-ի հերթական նախագահական ընտրությունները թվով չորրորդն են` 1991 թվականին անկախություն ստանալուց ի վեր:



ԼՂՀ նախագահի ընտրությունների անցկացման իրավական բազան հանդիսանում է ԼՂՀ Ընտրական օրենսգիրքը, որը համապատասխանեցվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին ընդունված ԼՂՀ Սահմանադրության դրույթներին: Փոփոխությունների արդյունքում պարզեցվել է ձայների հաշվառման, ինչպես նաեւ ընտրացուցակներում այս կամ այն պատճառով չընդգրկված ընտրողներին մտցնելու ընթացակարգը:



Ընտրությունները անց են կացվել եռաստիճան ընտրական վարչակազմով` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, 8 տարածքային ընտրական հանձնաժողովներ եւ 278 տեղամասային ընտրական հանձնաժողովներ, որոնցից մեկը ք. Երեւանում` Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես գտնվող ԼՂՀ քաղաքացիների համար:



Ընտրությունների օրը, ձայների հաշվառումը.





2007թ. հունիսի 14-ին ԿԸՀ-ն գրանցել է քաղաքացիական նախաձեռնությամբ եւ կուսակցությունների կողմից առաջադրված հինգ թեկնածուի.



« Արմեն Աբգարյան - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքացիական նախաձեռնությամբ,



« Վանյա Ավանեսյան - Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքացիական նախաձեռնությամբ,



« Մասիս Մայիլյան - ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար, քաղաքացիական նախաձեռնությամբ,



« Հրանտ Մելքումյան - կոմունիստների առաջնորդ` առաջադրված Կոմունիստական կուսակցության կողմից,



« Բակո Սահակյան - ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, քաղաքացիական նախաձեռնությամբ:



Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը տեւել է հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 17-ը:



Ընտրությունների օրը ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որը կազմված էր ՀՀ խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներից` այցելել է շուրջ 60 ընտրատեղամասեր, ներկա է եղել 5 ընտրատեղամասերում ձայների հաշվառման ժամանակ:



Քվեարկությունը անցել է հարթ եւ հանգիստ մթնոլորտում: Ընտրողների մասնակցությունը եղել է բավականին բարձր: Քվեարկության ամբողջ օրվա ընթացքում յուրաքանչյուր երեք ժամը մեկ հաղորդվել է ընտրողների ակտիվության մակարդակի մասին: Արդյունքում ընտրողների ակտիվությունը կազմել է 76,25 տոկոս: Ընտրական հանձնաժողովներում միասնական մթնոլորտ էր տիրում, աշխատակիցները ջանասիրաբարեն աշխատել: Սակայն որոշ հանձնաժողովներ կարող էին օգուտ քաղել լրացուցիչ ուսուցումից, քանի որ աշխատակիցներից ոմանք այդ պաշտոններում վերջերս էին նշանակվել:



Որոշ տեղամասերում մեր կողմից նկատվել է ոչ լիազորված անձանց ներկայություն: Միաժամանակ մեր այցելած ոչ մի տեղամասում չեն հայտնաբերվել ընտրական հանձնաժողովների աշխատանքին կողմնակի անձանց միջամտելու փաստեր, ներառյալ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Մեր կողմից չեն նկատվել մեր իրավունքների որեւէ սահմանափակումներ որպես դիտորդների, այդ թվում` տեղաշարժվելու ազատության եւ ցանկացած ընտրատեղամաս մուտքի հնարավորության տեսակետից:

Այսպիսով` 2007թ. հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահի ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ ազգային օրենսդրությանը»,-ասվում է զեկույցում:



Հիշեցնենք, որ ՀՀ դիտորդական առաքելությունը ԼՂՀ նախագահական ընտրություններում գլխավորում էր Իշխան Զաքարյանը: Պատվիրակության կազմում էին Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Արեգ Ղուկասյանը (ՀՀԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Գագիկ Գեւորգյանը (ՀՅԴ), Արտաշես Ավոյանը (ՕԵԿ)

եւ Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»):
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---