Բրիտանացի պատգամավորները քվեարկել են Brexit-ի ընթացակարգը սկսելու օգտին

Բրիտանացի պատգամավորները քվեարկել են Brexit-ի ընթացակարգը սկսելու օգտին

PanARMENIAN.Net - Բրիտանացի պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ փետրվարի 8-ին վերջին ընթերցմամբ ընդունել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) ընթացակարգը գործարկելու մասին օրինագիծը:

Կառավարության ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է առանց որևէ փոփոխության:

Այժմ օրինագիծը, որը վարչապետ Թերեզա Մեյին իրավունք է տալիս կյանքի կոչել Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, կներկայացվի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատի քննարկմանը: Քննարկումը նախատեսվում է սկսել փետրվարի 20-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

Մինչդեռ Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: Նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, թեև այն չունի իրավական ուժ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---