ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ԼՂ կարգավորման հարցով հանդիպումների համար պատրաստ ենք հարթակ տրամադրել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. ԼՂ կարգավորման հարցով հանդիպումների համար պատրաստ ենք հարթակ տրամադրել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր չեն խնայում, որպեսզի ԼՂ հակամարտության կողմերի միջև նորից հաստատվեն երկխոսության հնարավորություններ: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նա կարևորել է ամենատարբեր մակարդակներով հանդիպումների ընթացքում կայացած հանձնառությունների իրագործումը:

«Այս համատեքստում կարևոր է գիտակցել մի հանգամանք, հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտող կողմերի ցուցաբերած կամքից: Ֆրանսիան պատրաստ է հյուընկալել հանդիպում, երբ կլինի քննարկելու շոշափելի նյութ: Դրա մասին օրեր առաջ հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը»,-ասել է դեսպանը, գրում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուց բացի այլ ճանապարհ չունի:

«Ես պնդում եմ, որ հակամարտության լուծումը կարող է գտնվել միայն բանակցային ճանապարհով: 20-րդ դարում կան հակամարտություններ, որոնք լուծվել են բանակցային ճանապարհով»,- նկատել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Դեսպանն անընդունելի է համարել ստեղծված իրավիճակը. «Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտող կողմերից որևէ մեկի համար, քանի որ երկուստեք կան զոհեր: Զոհեր եղան ոչ միայն ապրիլյան պատերազմի ընթացքում, զոհեր գրանցվում են նաև այսօր շփման գծում: Այս իրավիճակն այլևս չի կարող շարունակվել»:

Պատասխանելով հարցին, թե հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտող հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խումբը հավասարության նշան է դնում կողմերի միջև, չի նշում խախտող կողմի անունը, դեսպանը խորհուրդ է տվել վերջին 1-1.5 տարվա ընթացքում համանախագահների հայտարարություններն ուշադիր կարդալ, այնտեղ տողատակեր և ուղերձներ կան:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացին, դեսպանը նշել է, որ այն ավարտական փուլում է, ինչը ենթադրում է շրջանակային համաձայնագրի ստորագրում:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հույս է հայտնել, որ առկա մի քանի կետի վերաբերյալ կողմերը համաձայնության կգան և արդյունքում համաձայնագիրը երկու կողմին բավարարող փաստաթուղթ կլինի:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Ֆրանսիան առարկություններ կունենա ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակում Հայաստանի կողմից եվրոպական շուկա արտահանվող կոնյակի, շամպայնի, գինու և այլ խմիչքների տարածման հարցում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան հետևողական է իր երկրի աշխարհագրական տեղանունները կրող բրենդային ապրանքների անվանումներով այլ երկրների ապրանքների տարածմանը Եվրոպայում, դեսպանն ասել է, որ աշխարհագրական անվանումների մասով հարցը դեռևս պարզ չէ:

«Լուծում հիմա չկա: Սա շատ զգայուն հարց է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի համար, որովհետև ունի տնտեսական նշանակություն: Բացի հուզական ասպեկտից ՝ այս հարցը նաև ունի սկզբունքային նշանակություն: Դրանով է պայմանավորված Ֆրանսիայի դիրքորոշումը, սակայն դա չի նշանակում, որ մենք բաց չենք բանակցությունների համար: Փետրվարի 10-ին Փարիզում ֆրանսիացի և հայ փորձարարների միջև այս հարցի շուրջ տեղի ունեցավ հանդիպում, դրան կհաջորդի երկրորդ հանդիպումը արդեն ԵՄ մակարդակով և համոզված եմ, որ ընդհանուր հայտարարի կգան, պայմանավորվածություն ձեռք կբերվի», - նշել է դեսպանը, գրում է Aysor.am-ը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ընդլայնելու ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակը՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, եվրոպական կառավարման մշակույթի ներդրման և այլ ուղղություններով:

2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---