Ադրբեջանն իր թշնամիների ցանկում տեսնում է ոչ միայն Հայաստանին ու ԼՂՀ-ին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին

PanARMENIAN.Net - «Վաֆա Գուլուզադեն «թարմ» գաղափարներ է հնչեցնում միայն այն դեպքում, եթե համոզված է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի նախագահի սրտով են, այլ նաեւ համապատասխանում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության ոգուն: Իսկ Բաքվի ներկայիս արտաքին քաղաքականության ռազմավարությունը միանշանակորեն միտված է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրմանը եւ Ռուսաստանի հետ դիմակայությանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Գուլուզադեի հայտարարությունը Ադրբեջանի արտաքին քաղաքական ձգտումների արտացոլումն է, որը միանշանակորեն իր թշնամիների ցանկում տեսնում է ոչ միայն Հայաստանին ու ԼՂՀ-ին, այլ նաեւ Ռուսաստանին եւ Իրանին:



«Ընդ որում, նշեմ, որ առանց որոեւէ հիմք ունենալու, ուղղակի Ադրբեջանը ցանկանում է չափից դուրս ջանադրաբար հաճոյանալ իր նոր տերերին: Դա քարոզչական սուտ է: Կրկնում եմ, Գուլուզադեն հնչեցնում է Ադրբեջանի արտաքին քաղաքական ձգտումները: Այսօր այդ հանրապետությունը գնալով ավելի է հեռանում Ռուսաստանից, ի շահ ԱՄՆ-ի: Ահա միայն Բաքվի ռուսալեզու «Զերկալո» թերթի մեկ` շաբաթօրյա համարի վերնագրերը` «Ռուսաստանը պատերազմ է հայտարարում Ադրբեջանին եւ Վրաստանին», «Պուտինի սադրանքը տապալվեց», «Առջեւում նոր կայսերական պոռթկում է»..., որոնք կոչված են ցույց տալու Վաշինգտոնին իրենց հավատարմությունը Ռուսաստանից հեռանալու գաղափարին: Ընդ որում Բաքվում չեն սիրում խոսել այն մասին, որ բնակչության ճնշող մեծամասնությունը գոյատեւում եւ ապրում է ադրբեջանցի գաստարբայտերների փոխանցումների հաշվին, որ նրանք ուղարկում են Ադրբեջանում մնացած իրենց հարազատներին: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից գլոբալ աշխարհաքաղաքական դուալիզմի յուրօրինակ ընկալումը հանգեցնում է նման կոլիզիայի»,-ասել է հայ քաղաքագետը:



Հիշեցնենք, որ օրերս ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հայտարարել էր, թե «ցանկալի կլիներ, եթե Թուրքիան Ադրբեջանի հետ պայմանավորվածությամբ մի քանի թուրքական դիվիզիա տեղակայեր Նախիջեւանում, նշանառության տակ պահելու համար Երեւանն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանները: Ինչու Ռուսաստանը կարող է իր ռազմակայանները պահել Գյումրիում, իսկ Թուրքիան չի կարող»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
    ---