ԵՄ. Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները ապացուցում են, որ երկիրը ճիշտ ուղու վրա է

PanARMENIAN.Net - «Մենք հիմա շատ պատասխանատու ուղու վրա ենք գտնվում: Մենք սկսել ենք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացումը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի վարչության գործող տնօրեն Գուննար Վիգանդը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 15-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը Լյուքսեմբուրգում հանդիպելու է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանային եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոյին ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպման շրջանակներում, իսկ նոյեմբերին սպասվում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այցելությունը Բրյուսել: «Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները քաղաքական եւ տնտեսական բնագավառներում, համոզում են մեզ, որ երկիրը ճիշտ ուղու վրա է: Մենք զարմացած եւ ուրախ ենք այն փոփոխությունների առումով, որոնք կատարվել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ստրագրումից հետո մեկ տարվա ընթացքում»,- նշել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:



Գուննար Վիգանդը նկատել է, որ Հայաստանում իրագործվող ներդրումների 1/3-ը Եվրոպայից է եւ արտահանման 50 տոկոսը դեպի Եվրոպա է: «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում մասնավոր բիզնեսի զարգացման վրա, քանի որ հենց դրանից է կախված արտահանումը: Երեք տարի առաջ ԵՄ-ն, TASIS ծրագրի շրջանակներում, Հայաստանին 10 մլն. եվրո է հատկացրել, այս տարի` 21 մլն. եվրո, իսկ 2008-ին հատկացվելու է 24 մլն. եվրո: Այդ միջոցները կաջակցեն մասնավոր բիզնեսի զարգացմանը` դրանց արտադրանքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով»,- ընդգծել է Վիգանդը:



Նա նաեւ ասել է, որ համագործակցության գերակայությունների թվում են ժողովրդավարական պետության կայունության ապահովումը, կառավարման բարեփոխումները եւ աղքատության կրճատումը, հատկապես գյուղական շրջաններում: «Ինչ վերաբերում է Հայաստանում ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, ապա այս փուլում մեր տրամարդության տակ են միայն անկախ փորձագետների հետազոտությունները: Եթե նրանք դրական գնահատական տան, ապա նման գոտու ստեղծման մասին կարելի կլինի լուրջ խոսել»,- ասել է Վիգանդը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---