Ազատ ոճայինների մարզիչ. Ստամբուլում ավելի բարձր արդյունքի էի սպասում

Ազատ ոճայինների մարզիչ. Ստամբուլում ավելի բարձր արդյունքի էի սպասում

PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Ստամբուլի միջազգային մրցաշարն առաջին մրցումն էր նոր պաշտոնում:

Մարզիչն ընդհանուր առմամբ դժգոհ չէ ըմբիշներից:

«Յուրաքանչյուրը գոտեմարտեց իր չափով: Բավական ուժեղ մրցաշար էր: Բոլոր տղաներին կասեմ իրենց սխալներն ու հանձնարարություններ կտամ: Գործնական գոտեմարտերը միշտ ավելի ճիշտ են ցույց տալիս թերությունները: Մեր տղաները պետք է ֆիզիկապես ավելի լավ պատրաստվեն, արագություն ունենան, շատ շնչեն:

Տղաներից դժգոհ չեմ, բայց ավելին էի սպասում: Կցանկանայի ոսկե մեդալ նվաճեինք: Եվրոպայի առաջնությունից առաջ սա փորձնական մրցաշար էր` մեզ ստուգելու եւ սխալները գտնելու համար: Առաջիկայում հավաք կունենանք Վլադիկավկազում: Ընդլայնված կազմի ըմբիշների հետ միշտ միասին ենք լինելու, որ կարողանանք հարկ եղած դեպքում փոխարինող ունենալ»,-ասել է Մկրտչյանը:

Թուրքիայում կայացած Յաշար Դոգուի մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել էր մեկ բրոնզե եւ մեկ արծաթե մեդալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---