Արտակ Զաքարյան. «Հաց բերող» Սարգսյանի մահը քաղաքականացնելն անթույլատրելի է

Արտակ Զաքարյան. «Հաց բերող» Սարգսյանի մահը քաղաքականացնելն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Անթույլատրելի է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը և նման գործընթացները քաղաքականացնել, դրանց հիմքում ձևավորել հանրային տրամադրություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը՝ նշելով, որ ճիշտ չի համարում հանրության արտահայտած վրդովմունքից դիվիդենտներ շահելը:

«Մարդիկ վրդովվում են զուտ մարդկայնորեն, դա նորմալ է, մենք գործ ունենք էմոցիաների հետ, բայց որոշ ուժեր փորձում են դրանց քաղաքական վեկտոր հաղորդել»,-ասել է նա, հայտնում է «Առավոտը»:

Նա նշել է նաև, որ անթույլատրելի է, երբ քաղաքական աստառ է տրվում անթույլատրելի երևույթներին:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ նախընտրական քարոզարշավը բավական հետաքրքիր է: Իր համոզմամբ, հանրությանը ներկայացվել է ընտրության բավական լայն հնարավորություն:

Խոսելով այլ քաղաքական ուժերի համեմատ ՀՀԿ առավելությունների մասին՝ Զաքարյանն ասել է, որ ՀՀԿ-ն հավասարակշռված է, ներկայանում է հիմնական շեշտադրումը դնելով ոչ թե պոպուլիզմի, այլ՝ պետության վաղվա օրը ապահովագրելու, պետական անվտանգության, պետության կառուցման հիմքի վրա:

«Մենք հստակ, ամուր, քաղաքական առումով լիարժեք ապահովագրված քաղաքականություն ենք իրականացնում արտաքին քաղաքականության դաշտում՝ հակասությունների մեջ չմտցնելով մեր շահերը, մենք անվտանգության խնդիրը բարձրացնում ենք՝ քաղաքական որոշումների կայացման թիվ հարց դարձնելով, որովհետև դրա բացակայության պարագայում անգամ սոցիալական ամենալավ վիճակը դառնում է մեծ հարց: Վստահ ենք, որ մեր հասարակության ճնշող մեծամասնությունը կաջակցի մեզ, որպեսզի մենք կարողանանք մեր ծրագրերն իրականացնել՝ ի նպաստ ՀՀ պետական շահի: Առաջընթացի խնդիրների մասին էլ ասեմ, որ դրանք հեքիաթային պատկերացումներ չպետք է լինեն: Մենք այս հարցում պետք է իրատես լինենք, երբեք մեր ընտրողին չենք խաբել, բարձր ակնկալիքների մթնոլորտ չենք ձևավորել»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Նա պնդում է` ՀՀԿ-ի համար գերխնդիր է անբիծ, մաքուր, իրավական չափորոշիչներին ու պահանջներին համապատասխան ընտրություն անցկացնելը:

Պատգամավորն անդրադարձել է նաև Ջրառատի դեպքերին՝ Զաքարյանն ասել է. «Որևէ գյուղապետ, որևէ ընդդիմություն, որևէ թաղային կերպար, հանցագործ տարր, չի կարող ստվերել ընտրական գործընթացը: Շատ դեպքերում մեր ընդդիմադիր գործընկերները, նրանց հարող, աջակցող անձինք են հրահրում նման երևույթներ: Լարվածությունը չպետք է անցնի սահմանը, որը պետք է որակվի որպես քրեական արարք: Ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին անհարկի չլարել իրավիճակը, անհարկի հակասություններ չփնտրել այնտեղ և եթե տեղի են ունեցել անթույլատրելի երևույթներ, դրանք չքաղաքականացնել, դիտարկել միմիայն համապատասխան օրենսդրության շրջանակներում՝ որպես պատժելի արարք»:

Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցների և նույն գյուղի գյուղապետի միջև բախում է տեղի ունեցել: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք:

ՕՐՕ նախընտրական շտաբի տեղեկություններով մարտի 14-ին Ջրառատ գյուղում ՀՀԿ տեղական կառույցի ներկայացուցիչները «զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա»:

Նա նշել է նաև, որ անթույլատրելի է, երբ քաղաքական աստառ է տրվում անթույլատրելի երևույթներին:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---