ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի

ՀՀ ՊՆ. Գյումրիի ՌԴ ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար չի օգտագործվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազան Սիրիայում ընթացող մարտական գործողությունների համար օգտագործելու մասին պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ռուսաստանյան մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Մասնավորապես, լրագրողները հարցրել են, արդյոք ՌԴ-ն չի պատրաստվում օգտագործել Գյումրիի ռազմաբազան Սիրիայում մարտական գործողությունների համար և արդյոք կողմերն այս թեմայի շուրջ բանակցում են:

Ի պատասխան Սարգսյանը հայտնել է, որ ՀՀ և ՌԴ միացյալ խմբավորման օպերատիվ պլաններում Սիրիայի վերաբերյալ կետ չկա, համատեղ մարտական գործողությունների մասին խոսք ևս չի գնում: Նա նաև տեղեկացրել է, որ նման բանակցություններ կողմերն այժմ չեն վարում:

«Մենք ակտիվ գործակցում ենք Սիրիային մարդասիրական օգնության տրամադրման առումով: Բայց ՀՀ տարածքում գտնվող ՌԴ 102-րդ ռազմաբազայի՝ Սիրիայում մարտական գործողությունների իրականացման համար օգտագործելու տարբերակն առայժմ չի դիտարկվում»,- ասել է նախարարը:

ՀՀ զինված ուժերի 4-րդ կորպուսն ու Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան պլանավորվում է ընդգրկել հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման կազմում: 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու, մասնավորապես, հսկում է Նախիջևանի հետ սահմանը:

Անդրադառնալով իր հետագա ծրագրերին, Սարգսյանը նշել է, որ եթե Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաջողություն արձանագրի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում, հույս ունի շարունակել զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը.

«Ես սա համարում եմ մեր երկրում պետական կառավարման կարևորագույն օղակներից մեկը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու առկա սպառնալիքները: Աշխատանքի մեծ դաշտ եմ տեսնում, և հուսով եմ՝ պաշտպանական ոլորտում մի շարք բարեփոխումներ իրականացնելու ժամանակ կունենամ, որոնք պահի հրամայական են և թույլ կտան մի շարք խնդիրներ լուծել»:

Սարգսյանը նշել է, որ հատկապես բարեփոխման կարիք է տեսնում պարտադիր ժամկետային ծառայության առումով, ինչպես նաև՝ կառավարման արդյունավետության բարձրացման:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---