Հայաստանի փոխլրացման քաղաքականությանն այլընտրանք չկա

PanARMENIAN.Net - «Ելնելով սեփական շահերից տարածաշրջանում` Հայաստանը պետք է նրբանկատ լինի նաեւ այն երկրների շահերի հանդեպ, որոնք կարեւոր են մեզ համար` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ մեր հարեւանների»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է,. որ «նրբանկատ լինել չի նշանակում ենթարկվել»: «Սակայն առանց դրա ցանկացած չմտածված քայլ կարող է բումերանգի պես հարվածել: Իրավիճակը տարածաշրջանում բավականին բարդ է նաեւ այն առումով, որ նա, ով չի տիրապետում իրավիճակին, հեշտությամբ կարող է դեմագոգիայով զբաղվել»,-նշել է Օսկանյանը` հիշեցնելով, որ Հայաստանում առաջարկներ են արվում հանուն Թուրքիայի հետ սահմանի բացման լուծել ղարաբաղյան խնդիրը ցանկացած գնով:



Նախարարի խոսքերով, Հայաստանը պետք է ելնի ազգային շահերից եւ ճիշտ շեշտադրումներ անի փոխլրացման քաղաքականության ճիշտ իրականացման համար: Նա ընդգծել է, որ արտաքին քաղաքականության արդյունքները գնահատվում են երկարաժամկետ հեռանկարում: «Փոխլրացման արտաքին քաղաքականությունը թելադրված է Հայաստանի աշխարհաքաղաքական դրությամբ: Մենք չունենք վարքի այլ տարբերակներ, անկախ այն բանից, թե ով եւ ինչ է առաջարկում նախընտրական շրջանում»,-ասել է Օսկանյանը:



Նա նաեւ նկատել է, որ ցանկացած մարդ, ով կնստի նախագահի աթոռին կամ կզբաղեցնի ԱԳՆ ղեկավարի տեղը, կհասկանա, որ սահմանափակումներն այնքան շատ են, որ ինքը ստիպված է լինելու վարել մոտավորապես նույն քաղաքականությունը: «Նման քաղաքականություն կարելի է վարել այնքան ժամանակ, մինչեւ որ դա թույլ է տալիս միջազգային իրավիճակը: Հայաստանը սահմանակից է չորս հարեւանների: Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ մենք խնդիրներ ունենք, Իրանի եւ Վրաստանի հետ չունենք: Սակայն Վրաստանը խնդիրներ ունի Ռուսաստանի, իսկ Իրանը` ԱՄՆ-ի հետ: Նման դասավորության դեպքում ես այլընտրանք չեմ տեսնում փոխլրացման քաղաքականությանը»,-ասել է Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---