Սվիտալսկի. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր քաղհասարակությամբ՝ դա այցեքարտ է հետխորհրդային տարածքում

Սվիտալսկի. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր քաղհասարակությամբ՝ դա այցեքարտ է հետխորհրդային տարածքում

PanARMENIAN.Net - «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում Եվրամիությունն ի աջակցություն Հայաստանի քաղհասարակության կազմակերպություններին2 միլիոն եվրո է տրամադրում: Այդ մասին ծրագրի պաշտոնական բացմանը հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Ուրախ ենք, որ այս գումարը կօգտագործվի քաղհասարակության կազմակերպությունների ներուժին, կարողություններին զարկ տալու համար: Բոլորդ հասկանում եք քաղհասարակության կարևորությունը հզոր Հայաստան կառուցելու գործում»,- նշել է դեսպանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվությամբ, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, Հայաստանում 4000 ՀԿ է գրանցված, 1000 հիմնադրամ. «Եթե անգամ սոսկ մի մասն է այս կազմակերպությունների գործում, այդուհանդերձ հզոր ներուժ է: Հետխորհրդային այլ երկրների շարքում սա այցեքարտ է և հպարտության առարկա Հայաստանի համար»:

Դեսպան Սվիտալսկին նշել է, որ քաղհասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է: Նա ասել է, որ ՀԿ-ների մասին նոր օրենքով նոր ստեղծարար հնարավորություններ են բացվում ֆինանսական միջոցներից օգտվելու և իրենց գործունությունն ընդլայնելու համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպանի ներկայացմամբ, երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր:

«Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն շատ զգայական կարող է դառնալ, վհատեցնող, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Երբ խոսքը գնում է երկխոսության մասին, հիմնականում մտածում եք պետության, պետական կառավարման մարմիների, քաղհասարակության միջև երկխոսության մասին: Սա շատ կարևոր է: Ուրախ եմ նշել, որ որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում առ այն, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասել է դեպանը:

Սվիտալսկու խոսքով, քաղհասարակությունը բարդ երևույթ է, բայց քաղհասարակությունն է, որ ինչ որ բան է փոխում հասարակությունում, քաղաքականություն է փոխում երկրում:

«Քաղհասարակության ներսում երկխոսությունը նույնպես դժվար է, որովհետև ՀԿ-ները երբեմն մրցում են միմյանց հետո: Երբ Եվրամիությունը հայտահավաք է հայտարարում ֆինանսավորման համար, ոմանք դժգոհ են լինում արդյունքներից, խնդիրներ են առաջանում: Հույս ունենք, որ այս ծրագրի ներքո դաշինքներ կկայանան, մեզ կհաջողվի նոր կամուրջ կառուցել քաղհասարակության կազմակերպությունների միջև, որովհետև երկխոսությունը նրանց միջև մեզ համար նույնպես շատ կարևոր է»,- ասել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակության կազմակերպություններին:

Խոսելով առաջնահերությունների մասին, որոնց, դեսպանի խոսքով, կցանկանար անդրադառնալ այս ծրագիրը, առանձնացրեց փոքր ՀԿ-ները, մարզերը: «Եվրամիությունը ցանկանում է օգնել մասնավորապես քաղաքացիական ակտիվիզմի կայացմանը մարզերում»,- ասել է նա:

Սվիտալսկու խոսքով, երրորդ գաղափարը սոցիալական ձեռնարկատիրությունն է: Նա կարևորել է նաև, որ շեշտադրվում են երիտասարդները, կանայք, փոքրամասնությունները:

«Հայաստանն իր կրթված երիտասարդների հզոր ներուժով շատ բան կշահի, եթե ավելի ներդրումներ կատարեն երիտասարդների շրջանում: Կարելի է ասել երիտասարդները դեռ լիարժեքորեն չօգտագործված ներուժերից են»,- ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հիմնական նպատակն է Ծրագրի թիրախային ոլորտներում մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա, ինչպես նաև Հայաստանում ՔՀԿ-ների՝ ոլորտային կոալիցիաներ կազմելու կարողությունների ուժեղացումը, հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներում մասնակցությունը, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականություններ մշակումը:

Ծրագիրն ունի դրամաշնորհային բաղադրիչ, որի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին: Ծրագրի թիրախային ոլորտներն 9-ն են, այդ թվում՝ արդարադատությունը, կրթությունը, բիզնեսը:

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---