ՀՀ նախագահ. Արտահանումը ՀՀ-ից Իտալիա աճել է 21%-ով, իսկ զբոսաշրջիկների հոսքն այդ երկրից՝ 20%-ով

ՀՀ նախագահ. Արտահանումը ՀՀ-ից Իտալիա աճել է 21%-ով, իսկ զբոսաշրջիկների հոսքն այդ երկրից՝ 20%-ով

PanARMENIAN.Net - Իտալիան ՀՀ կարևոր գործընկերներից է Եվրոպայում, նաև՝ առևտրատնտեսական հարաբերություններում, իտալացիների հետ համագործակցությունը բերում է կառավարման նոր մշակույթ՝ ժամանակակից, արդյունավետ կառավարման: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանի հետ հանդիպմանը:

Դեսպանը զեկուցել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական հարաբերությունների օրակարգի, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, զբոսաշրջությունը, կրթությունը և գիտությունը, սննդի արդյունաբերությունը և այլն, փոխգործակցության զարգացման ու խորացման, նաև վերջին շրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Նախագահն, իր հերթին, նշել է, թե ուրախալի է, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր առևտրաշրջանառությունն էապես աճել է. 2017 թվականի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե 26 տոկոսով աճել է առևտրաշրջանառությունը, իսկ արտահանումը Հայաստանից դեպի Իտալիա ավելացել է 21 տոկոսով: Իսկ սա խոսում է հենց այդ հարաբերություններում մեծ ներուժի մասին:

«Մենք զգալի աշխատանք պետք է տանենք Իտալիայում ներկայացնելու մեր հնարավորությունները, մեր արտադրատեսակները: Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել այդ ոլորտում թեթև արդյունաբերության հնարավորությունների վրա: Մենք երկրի ներսում, անշուշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ոլորտին, և ես խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մեր թեթև արդյունաբերությունը պետք է թռիչքային զարգացում ունենա: Ոչ միայն ծավալներն ենք ավելացնելու, այլ նաև ուշադրություն ենք դարձնելու տարբեր էտապներում նոր արտադրանք արտադրելուն: Իհարկե, մենք Հայաստանում չենք կարող բամբակ աճեցնել, բայց մնացած բոլոր պրոցեսներն ի վիճակի ենք իրականացնել և ունենք որոշակի ծրագրեր:

Ես կարծում եմ, որ մենք պետք է իտալացի գործարարներին բացատրենք Հայաստանի հարաբերական, այլ երկրների հետ համեմատած, մրցակցային առավելությունները՝ նկատի ունեմ նաև Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությունը: Իտալացիները շատ հմուտ գործարարներ են, նրանք գիտեն իրենց ապրանքները լավ վաճառել, և այս առումով կարծում եմ, որ Հայաստանը կարող են տեսնել նաև հարթակ այդ 170 միլիոնանոց շուկայում իրենց դիրքերը պահելու»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև հեռանկարային է համարում զբոսաշրջության ոլորտը: «Ճիշտ կազմակերպելու պարագայում, մենք կարող ենք այստեղ շատ մեծ թռիչք ապահովել, հատկապես, որ արդեն այս տարի զբոսաշրջիկների թիվն ավելացել է 20-ից ավելի տոկոսով: Մենք պետք է նաև հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը մի ոլորտ է, որի զարգացումը պահանջում է համալիր մոտեցում: Քիչ է միայն երկիրը հանրաճանաչ դարձնելը, քիչ է միայն ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ: Աշխարհում հիմա տուրիստական հոսքերը շատ հստակ կառավարվում են, և իտալացիներն այն գործարարներից են, ովքեր այդ կառավարման մեջ ունեն մեծ դերակատարություն: Այսինքն՝ պետք է համագործակցությունը նաև այս ուղղությամբ տանենք»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հայ-իտալական տնտեսական հարաբերություններում առկա ներուժի լիարժեք օգտագործման, հեռանկարային ոլորտներում համագործակցության զարգացման նպատակով Հանրապետության նախագահի կողմից շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին տրվել են մի շարք հանձնարարականներ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---