Հայկական ընդդիմությունը Երեւանի կենտրոնում բողոքի նստացույց է սկսել

PanARMENIAN.Net - Երեւանում անցնում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հերթական հանրահավաքը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության հաղորդագրության, այսօրվա հանրահավաքի կազմակերպիչները չունեն քաղաքապետարանի թույլտվությունը: «Քաղաքապետարանը համապատասխան թույլտվույուն չի տվել հանրահավաքի անցկացման համար, եւ մենք պարտավոր ենք տեղեկացնել այդ մասին մասնակիցներին»,- հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները:



Հանրահավաքի մասնակիցները նստացույց են սկսել: Ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցում: Հանրահավաքի մասնակիցները չեն պատրաստվում հեռանալ: Ընդ որում, ոստիկանության աշխատակիցները ձեռնպահ են մնում որեւէ գործողությունից եւ հետեւում են իրավիճակին: Ինչպես հաղորդել է Հայոց համազգային շարժման նախագահ Արարատ Զուրաբյանը, «մենք մտադիր ենք խաղաղ գործողությունների դիմել, եւ չենք պատրաստվում սադրանքի գնալ»:



Միեւնույն ժամանակ, «Օրինաց Երկիր» (ՕԵ) կուսակցությունը, որի թեկնածու Արթուր Բաղդասարյանը փետրվարի 19-ին անցած նախագահական ընտրություններին հավաքել է ընտրողների ձայների 16,66 տոկոսը, «անակնկալ է» պատրաստում հայկական հասարակության համար: Արթուր Բաղդասարյանի նախընտրական շտաբի ղեկավար Հեղինե Բիշարյանը պատրաստվում է ելույթ ունենալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքին, ով ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն ե զբաղեցրել, հավաքելով 21,50 տոկոս, հաղորդում են հայկական ԶԼՄ-ները:



Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԿԸՀ-ն, քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հրապարակել է ՀՀ-ում նախագահական ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը` հավաքելով ընտրողների քվեների 52,86 տոկոսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---