Ագոյի խումբ. Հաճախ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պահանջում է նաեւ կոշտ մոտեցումներ

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Կարեւորելով Եվրախորհրդին անդամակցելուց ի վեր մոնիտորինգի Ագոյի խմբի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը եւ խմբի կանոնավոր բնույթ կրող այցելությունները մեր երկիր, վարչապետը պատրաստակամություն է հայտնել այս այցի ընթացքում եւս քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:



Դեսպան Պեր Սյոգրենը, նշելով, որ իր գլխավորած պատվիրակության կազմում 9 պետությունների կառավարությունների դեսպաններ են, ընդգծել է, որ դա Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի, օժանդակության պատրաստակամության եւ այդ երկրների ու Եվրախորհրդի մեծ հետաքրքրության, Հայաստանի հետ ապագային միտված համագործակցության վկայությունն է, որի շրջանակներում պետք է դիտարկել նաեւ խմբի առաջարկությունները:



Դեսպան Սյոգրենը դրվատանքով է խոսել ԵԽ-ին անդամակցությունից ի վեր Հայաստանի գործունեության մասին, նշելով, որ այն բնորոշվում է իբրեւ կառուցողական ու բարեկամական, եւ հատկապես օրենսդրական դաշտում արձանագրվել է զգալի առաջընթաց: Որպես օրինակ, նա ներկայացրել է բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որը, ըստ դեսպանի, Վենետիկի հանձնաժողովի կողմից համարվել է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու բավարար հիմք:



Այնուհետ Պեր Սյոգրենն անդրադարձել է այցի օրերին խմբի ունեցած բազմաթիվ ու բազմակողմ հանդիպումների արդյունքում ստացած տպավորություններին եւ ձեւավորված առաջարկություններին, որոնք, նրա հավաստմամբ, հիմնված են եվրոպական չափանիշների եւ սկզբունքների վրա: Նշելով, որ ժողովրդավարության հետ կապված հարցերը խումբը դիտարկում է նաեւ անվտանգության ապահովման տեսանկյունից եւ շատ լավ հասկանում է, որ հաճախ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը պահանջում է նաեւ կոշտ մոտեցումներ, ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի ղեկավարը խոսել է խմբին հուզող այն հարցերի մասին, որոնք կարող են հիմք դառնալ Եվրախորհրդի հետ Հայաստանի հետագա համագործակցության համար: Ներկայացված առաջարկություններն ու հարցադրումները, ըստ Պեր Սյոգրենի, նպատակաուղղված են Հայաստանում հետընտրական լարվածության թուլացմանը, երկխոսության խթանմանն ու հասարակության մեջ համերաշխության հաստատմանը:



«Մենք երբեք երկխոսությունից չենք հրաժարվել` ե՛ւ մինչ ընտրությունները, ե՛ւ դրանից հետո մշտապես երկխոսության մեջ ենք եղել տարբեր քաղաքական ուժերի հետ եւ ունեցել ենք հաջողություններ»,- ընդգծել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Արդյունքում, ըստ նրա, ձեւավորվել է քաղաքական կոալիցիա` ինչպես ԱԺ, այնպես էլ նախագահական ընտրություններից հետո` չնայած ՀՀԿ-ի ստացած քվեների թիվը բավարար է եղել միայնակ իշխանություն ձեւավորելու համար: Վարչապետը նշել է, որ իշխանությունները շարունակելու են բարեփոխումները` դրանում ներգրավելով հասարակության լայն շերտերին: Հայաստանը, վարչապետի հավաստմամբ, հավատարիմ է մնալու նաեւ Եվրաինտեգրման ուղով առաջ ընթանալու իր քաղաքականությանը:



Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է Ագոյի խմբի պատվիրակությանը հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ՀՀ Կառավարության կողմից ձեռնարկվելիք հակակոռուպցիոն միջոցառումներին, տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարին, ինչպես նաեւ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մանրամասներին:



ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օժանդակում են Հայաստանին` նախանշված ծրագրերի եւ բարեփոխումների իրականացման գործում: ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի անդամ դեսպանները շնորհավորել են Սերժ Սարգսյանին` ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ եւ երկրի ղեկավարի դժվարին ու պատասխանատու աշխատանքում մաղթել հաջողություններ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---