Վարչապետ. Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենափառահեղ էջը

Վարչապետ. Հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենափառահեղ էջը

PanARMENIAN.Net - Սարդարապատի հուշահամալիրում շարունակվում է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունը։ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, որ հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ամենափառահեղ էջերից մեկը։

«Ուղիղ 100 տարի առաջ այս օրը 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին կամ իշխաններին, այլ ժողովրդին, և այդ պատճառով այդ պետությունը կոչվեց հանրապետություն», - ասել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով, իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր, և սա ճակատագրական շրջադարձ էր։

«Այս կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ որևէ մեկից, այլ վաստակեց այն իր քրտինքով և արյունով։ Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև պատմության վերջին 400 տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա, հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև հասկացավ, որ ազգային պետականությունն է, ինքնիշախնությունն է ինքնության և արժանապատվության միակ երաշխիքը», - ասել է վարչապետը, հավելելով, որ հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև որոշեց հաղթել, և «դրանից հետո հայ ժողովուրդը հաղթել է, բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցյալին և ապագային»։

«Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը։ Մենք հաղթել ենք և հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ սիրենք, անսահման սիրենք մեր հայրենիքը և միմյանց, և չփորձենք մեր նեղ անձնական շահերը կապել սեփական ժողովրդի և մեր պետության վզին, և յուրաքանչյուրը քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ, և տիրոջ այդ զգացումը իրավունք չէ միայն, այլև պարտականություն և պարտավորություն։ Հենց այսպես, Սարդարապատի հաղթանակից ուղիղ 100 տարի անց՝ 2018 թվականի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաթանակը՝ վերականգնեց սեփական իշխանությունը սեփական հայրենիքում», - ասել է նա իր ելույթում։

Ըստ վարչապետի, չնայած Առաջին հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ, սակայն դրա հիմնադիր հայրերը անհեռանկար գործերով չէին զբաղվում, այլ հայոց նոր պետականության հիմքերն էին դնում։

«Միայն դրա շնորհիվ էր, որ ՀՀ-ն ԽՍՀՄ կազմում ընդգրկվեց որպես լիարժեք միութենական հանրապետություն և միայն այս կարգավիճակի շնորհիվ էր, որ ՀՀ-ն կարողացավ անցնցում դուրս գալ ԽՍՀՄ կազմից և միջազգայնորեն ճանաչվել որպես անկախ պետություն, ասել է թե՝ Առաջին հարապետության հիմնադրումը պսակվեց Երրորդ հանրապետության հռչակմամբ, փառավորվեց Արցախյան պատերազմով, և աշխարհահռչակվեց ոչ բռնի, «թավշյա» հեղափոխությամբ։ Եվ ահա՛, հայ ժողովուրդն այսօր տոնում է 100-ամյակը և ապրում իր պատմության ամենափառապանծ էջը, երբ երկրում հաստատված է ժողովրդի անշրջելի իշխանություն, և այլևս երբեք ոչ ոք չի համարձկվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի և այլ միջոցներով, հայ ժողովրդի վերածնունդն ու թռիքչը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի և ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի», - ասել է վարչապետը՝ եզրափակելով, որ ՀՀ-ն Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---