Բաբայան. Պետմիջոցառումներին պետք է պաշտոնյաների եռյակ մասնակցի՝ ՀՀ ու ԱԺ նախագահները և վարչապետը

Բաբայան. Պետմիջոցառումներին պետք է պաշտոնյաների եռյակ մասնակցի՝ ՀՀ ու ԱԺ նախագահները և վարչապետը

PanARMENIAN.Net - Պետական արարողակարգով նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը, այդ 3 բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներին մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե Արա Բաբլոյանը հրավիրված է եղել և որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, և որպես ԱԺ նախագահ:

«Տասնյակ լրատվամիջոցներ զանգում են, փորձելով հասկանալ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի մայիսի 28-ի միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եվ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում, թե ոչ: Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եվ այո, պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,-գրել էր Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում:

Բաբայանը նշում է, որ ստիպված է առավել մանրամասն ներկայացնել, թե ինչ է օրենսդիր իշխանությունը, պետական միջոցառումը և արարողակարգային ավագությունը։

Նշվում է, որ պետական իշխանության մեջ օրենսդիրն առանձին ու անկախ ճյուղ է, որը համախմբում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին։ ՀՀ ԱԺ նախագահը ոչ թե ՀՀԿ խմբակցության, այլ ամբողջ Ազգային ժողովի նախագահն է, առավել ևս, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ԱԺ նախագահ է ընտրվել ԱԺ պատգամավորների 88 քվեով։ Ասվում է, որ պետական արարողակարգային ավագությունը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունն է, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգը։

«Իշխանության օրենսդիր ճյուղի հրավեր նշանակում է ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորների հրավեր, իսկ եթե օբյեկտիվ պատճառներով դա անհնար է, ապա ներկայացուցչական ղեկավար մարմնի, այն է՝ ՀՀ ԱԺ խորհրդի հրավեր։ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների և մշտական հանձնաժողովների նախագահներից։ Եթե օբյեկտիվ պատճառներով անհնար է նաև հրավիրել այս կազմը, ապա ներկայացուցչական ղեկավար հաջորդ մարմինը ՀՀ Ազգային ժողովի նախագահն է։ Պետական արարողակարգով, որը պետականության սիմվոլիկան ապահովող հիմնական գործընթացն է, նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների եռյակ, այն է՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Կրկին արարողակարգը նախատեսում է, որ նշված երեք բարձրաստիճան պաշտոնյաները պետական միջոցառումներում մասնակցում են միասին, միջոցառման պաշտոնական մասն անցկացնում են երեքով։ Առնվազն այս երեք պաշտոնյաները պետք է լինեն նույն հարթության վրա, նույն հարթակում։

ՀՀ ԱԺ աշխատակազմը փորձել է պարզել ՀՀ ԱԺ նախագահի արարողակարգային մասնակցությունը, մասնավորապես, թե որ ճանապարհով պիտի մոտենա, նշված եռյակում որ կողմում պետք է կանգնի և բազմաթիվ այլ արարողակարգային հարցեր։ Այդ փորձի ընթացքում ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ ՀՀ ԱԺ նախագահը չի լինելու եռյակում, այլ՝ որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր պետք է համալրի մյուս երկու պատգամավորների շարքը»,-ասվում է գրառման մեջ։

Բաբայանը հավելել է, որ նշված որոշումը գնահատելով որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը։

«Պետական համակարգում փորձառություն ունեցողները գիտեն, թե ինչպես է իրականացվում ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրելը։ Փորձառություն ունեցող պետական պաշտոնյաները, մասնավորապես աշխատակազմերում ծառայություն իրականացնողները, գիտակցում են, որ օրենսդիր իշխանության կամ Ազգային ժողովի նախագահի հրավերը սոսկ ներկայություն ապահովելը չէ, այլ՝ արարողակարգի հիմնադրույթների ամբողջական պահպանում։ Պետական միջոցառման հրավիրելը պետական արարողակարգային գործողությունների ամբողջության ապահովումն է», - գրել է Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում։

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը նույնպես անդրադարձել է հարցին՝ նշելով, որ ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ կուսակցությունը հաճախ սկսեց ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին»: «Կամ իրականությունը պետք է ասել, կամ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։ Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա»,-ասվում է գրառման մեջ։

Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից հավասար՝ 3-ական ներկայացուցիչ է հրավիրվել Սարդարապատում կազմակերպված Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---