Բալայան. Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի

Բալայան. Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք չունի

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերն աջակցության կարիք չունեն Նախիջևանի հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճիշտ չի լինի արդյոք, եթե Հայաստանը խնդրի ՀԱՊԿ զորամիավորումներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանի զինված ուժերն աջակցության կարիք ունեն Նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողությունը պահպանելու հարցում, և մենք կարիք ունենք այլ երկրի զորամիավորում տեղակայել այդ հատվածում: Մեր սահմանների պաշտպանության հանձնառությունը դրված է ՀՀ զինված ուժերի վրա: Վերջին օրերի զարգացումները ցույց տվեցին, որ մենք վստահությամբ և բավականին արդյունավետ կերպով դա իրականացնում ենք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը՝ մասնավորապես վերջին օրերին Նախիջևանի հետ սահմանում Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ Բալայանը շեշտել է, որ Հայաստանի արտասահմանյան գործընկերները բավականին օպերատիվ կերպով տեղեկացվել են:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ գործողությունների է դիմում հայկական կողմն այն դեպքում, երբ Ադրբեջանն առանց զգուշացման խոշոր զորավարժություններ է անցկացնում՝ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը տարիներ ի վեր կիրառում է օտարերկրյա պատկան մարմիններին այդ մասին զգուշացնելու պրակտիկան:

«Սա մտահոգվելու առիթ պետք է տա ոչ միայն Հայաստանին, այլև բոլոր գործընկերներին, որոնք հանձնառու են և ստանձնել են համապատասխան պարտավորություններ: Սա Ադրբեջանի՝ միջազգային հարաբերություններում անպատասխանատու խաղացող լինելու հերթական վկայությունն է»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է վերջին օրերին Լելե Թեփեի բարձունք այցելած և ադրբեջանամետ հայտարարություններ արած ռուս հայտնի փորձագետներին՝ Տիգրան Բալայանը նման հարցադրում է արել. «Կարծում եք՝ Ադրբեջանի հաշվին ճամփորդած ռուս փորձագետներն ա՞յլ հայտարարություններ պետք է անեին: Պարզ է, որ այդ ամենը բեմականացված ներկայացում էր, որի նպատակը հենց այդ հայտարարություններն էին: Արցախյան հիմնահարցի և Հայաստանի հետ հարաբերությունների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է բոլոր մակարդակներով: Շոուն տապալվեց, պարզ էր, որ ռուս փորձագետներն այլ տիպի հայտարարություն չէին կարող անել»:

Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---