Բաքվի դիրքորոշումը վատ քողարկված դիվանագիտական շանտաժ է միջնորդների եւ Հայաստանի նկատմամբ

PanARMENIAN.Net - «Ինձ հայտնի չէ որեւէ փոփոխություն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ: Ինչպես արդեն հայտարարել է Հայաստանի իմ գործընկերը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություններ չի կրել: Փոփոխության չի ենթարկվել նաեւ ԼՂՀ դիրքորոշումը հնարավոր համաձայնագրի կապակցությամբ: Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել»,- հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները` Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշման «որոշ նրբերանգների» մասին: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին Երեւանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում, Գեորգի Պետրոսյանը նաեւ նշել է, որ ադրբեջանական կողմի այն դիրքրոշումը, որ խաղաղ կարգավորումն արդեն իսկ փոխզիջում է, վատ քողարկված դիվանագիտական շանտաժ է միջնորդների եւ Հայաստանի նկատմամբ: «Պաշտոնական Բաքուն սկզբում հույս էր դնում ուժային ճնշման, սպանալիքների եւ շանտաժի վրա: Ադրբեջանի նման քաղաքականությունը, որը նպատակ ունի առաջ տանել հակամարտության կարգավորման իր սցենարը, ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը, այլ նաեւ` տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:



Խոսելով Թաթարստանի մոդելի մասին, որպես Լեռնային Ղարաբաղի համար ինքնավարության հնարավոր տարբերակ, Ադրբեջանի ներկայացուցիչները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թաթարստանը դաշնային պետության սուբյեկտ է: «Եթե Ադրբեջանը մտադիր է դառնալ դաշնային պետություն եւ ազգային փոքրամասնություններին` լեզգիներին, թալիշներին, ավարներին եւ ուդիներին տրամադրել դաշնության սուբյեկտների կարգավիճակ, ապա այդ Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդների իրավունքն է: Տվյալ նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այդ կազմավորման մեջ մենք մեզ չենք տեսնում: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Մեր անկախությունը չի կարող առեւտրի առարկա դառնալ»,- ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---