ԵԱՀԿ ՄԽ. Չի կարելի ասել` ղարաբաղյան կողմը այսօր դուրս է բանակցային գործընթացից

PanARMENIAN.Net - «Մենք համոզված ենք, որ վաղ թե ուշ, կգա մի պահ, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին ավելի լավ, քան այսօր: Մենք չէինք ասի` ղարաբաղյան կողմը այսօր դուրս է բանակցային գործընթացից: Եթե այդպես լիներ, մենք այստեղ չէինք լինի»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն Ստեփանակերտ այցելության ժամանակ: Համանախագահը հույս է հայտնել, որ նախագահ Ալիեւը եւ նախագահ Սարգսյանը աստիճանաբար կունենան այնպիսի հարաբերություններ, որպեսզի երբեւիցե կկարողանան որոշել, որ այո, այս մեկի, այն մեկի շուրջ կարելի է ընդհանուր լեզու գտնել: Բայց դրա համար ժամանակ է պետք: «Նրանք Սանկ Պետերբուրգում ընդամենը առաջին անգամ են հանդիպել եւ իրենք իրենց հանդիպումը դրական եւ կառուցողական են գնահատել: Մենք հույս ունենք, որ այդ հիմքի վրա առաջիկա ամիսների ընթացքում հնարավոր կլինի հստակեցնել մադրիդյան սկզբունքները»,- նշել է Բեռնար Ֆասիեն:



Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հավաստմամբ, Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները խնդրել են համանախագահներին շարունակել աշխատանքը մադրիդյան փաստաթղթում շարադրված սկզբունքերի հիման վրա: «Փաստաթուղթը, ինչպես հիշում եք, փոխանցվել է նոյեմբերին, կողմերը նրա վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտողությունները, մի կողմը` ներկայացրել է գրավոր, մյուսը` բանավոր, բայց Հայաստանում իշխանափոխության հետ կապված` մենք սպասել ենք, մինչեւ նոր արտգործնախարարը եւս կկատարի դա, եւ երեկ հանդիպել ենք նրա հետ ու քննարկել այդ պահերը: Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո, ինչպես գիտեք, երկու նախագահները խնդրել են միջնորդներին շարունակել աշխատանքը մադրիդյան փաստաթղթում շարադրված հիմնարար սկզբունքների հիման վրա:

Երկու կողմերն էլ ունեն հարցեր, դիտողություններ, եւ մենք պատրաստվում ենք հենց արտգործնախարարների հետ զբաղվել դրանց հստակեցմամբ ու համաձայնեցմամբ»,- նշել է ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը:



Նրա խոսքերով, կողմերի դիրքորոշումներում անհամաձայնությունն առկա է փաստաթղթում շարադրված 14-15 սկզբունքներից չորսի շուրջ: «Չսպասեք, չենք ասի:»-արձագանքեց ռուսաստանցի համանախագահը ի պատասխան հարցի, թե կոնկրետ որ սկզբունքների շուրջ են տարաձայնությունները:



Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթին իր ներկա գտնվելու փաստը մեկնաբանելով, Բեռնար Ֆասիեն ոչ վարժ ռուսերենով պատասխանեց, որ արդյունավետ միջնորդ լինելու համար անհրաժեշտ է ճանաչել երկու կողմերը, ահա եւ վերջ, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---