Փաշինյան. Նախարարությունների օպտիմալացման իմաստը փող խնայելը չէ

Փաշինյան. Նախարարությունների օպտիմալացման իմաստը փող խնայելը չէ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության հունվարի 10-ի նիստում անդրադառնալով պետական համակարգի օպտիմալացմանը, նշել է, որ այդ գործընթացի նպատակն ամենևին էլ պետական միջոցները խնայելը չէ, և որ գործընթացի հիմքում համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է անշեղորեն իրականացնի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում գործադիրի կազմը, կառուցվածքը փոխելու, նախարարությունների թիվը կրճատելու վերաբերյալ տրված խոստումները:

Փաշինյանը մասնավորապես խոսել է ՀՀ սփյուռքի նախարարության մասին:

«Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել այս նախարարության վրա: Հակառակը, տվյալ դեպքում էլ խնդիրը շատ հստակ է ձևակերպված՝ սփյուռքի հետ կառավարության հարաբերությունները և գործակցությունը դարձնել առավել արդյունավետ և այս առումով մենք որոշակի մոդել ու առաջարկ ունենք, որը ենթադրում է, որ սփյուռքի հետ հարաբերությունների մակարդակն, ըստ էության, ոչ թե կնվազեցվի, այլ կբարձրացվի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ մոդելի վերաբերյալ առաջիկայում նաև քննարկումներ կլինեն սփյուռքահայերի հետ:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններով նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Դրանք են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, բնապահպանության նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

Նոր կառավարության կազմում լինելու է երկու փոխվարչապետ: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---