ՊԵԿ-ը՝ պարգևատրումների մասին․ Դրանք 2 ամսվա աշխատավարձ, լրավճար և պարգևավճար են

ՊԵԿ-ը՝ պարգևատրումների մասին․ Դրանք 2 ամսվա աշխատավարձ,  լրավճար և պարգևավճար են

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է կոմիտեի աշխատակիցների պարգևտրումների վերաբերյալ տեղեկատվությունը։

Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության միայն դեկտեմբերին ստացել է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ և պարգևատրումներ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան՝ 8 մլն դրամ, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյան՝ 9 մլն դրամ, ՊԵԿ աշխատազմի ղեկավարի տեղակալ Էդգար Գևորգյան՝ 6 մլն դրամ, ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետ Արթուր Հարությունյան՝ 2 մլն դրամ ,ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան՝ 6 մլն դրամ, ՊԵԿ նախագահի օգնական Էլիզաբեթ Մամիկոնյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ նախագահի խորհրդական, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի գործավարուհի Սաթինե Գզողյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ լրատվության պատասխանատու, խոսնակ Լուսինե Մկրտչյան՝ 2 մլն դրամ, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի խորհրդական Սերգեյ Թաիրյան՝ 1 մլն դրամ։

«ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Միաժամանակ, հարկ ենք համարում ընդգծել, որ ստացված աշխատավարձերի վերաբերյալ մանրամասն թափանցիկ տեղեկատվություն ներկայացնելու իրավական սահմանափակում գոյություն ունի, քանի որ անձնական տեղեկատվության պահպանման և գաղտնիության իրավական նորմեր կան, որոնք չեն կարող հրապարակվել: Այնուամենայնիվ, նմանօրինակ տեղեկատվությունը համապատասխան տեղեկատվական խողովակներով մշտապես հրապարակվում է «Բյուջեի մասին» ՀՀ օրենքով, որտեղ համապատասխան բացվածքներում կարելի է տեսնել պարգևատրումների ընդահանուր թվային պատկերը և այս ամենը թափանցիկ է», - նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊԵԿ-ն ի տարբերություն մյուս պետական մարմինների ավելի շատ հնարավորություններ ունի հավելավճարներ և պարգևատրումներ տրամադրելու, որովհետև, օրինակ, 2018 թ. պետական բյուջեի մասին օրենքով և դրան հարակից օրենսդրությամբ ՊԵԿ-ի համար նախատեսված է եղել բավականին մեծ նյութական խրախուսումների և պարգևատրումների ֆոնդ, որի աղբյուրը եղել է Կոմիտեի արտաբյուջետային ֆոնդը: Մյուս կողմից, հարկ է ընգծել, որ, օրինակ 2019-ին այդքան մեծ պարգևատրման չափեր սահմանված չեն:

2019-ի թվականի բյուջեի մասին օրենքով և հարակից օրենսդրությամբ ներմուծված նոր գործիքակազմով և իրավակարգավորումներով ՊԵԿ-ը փորձում է նորից պարգևատրման համապատասխան ու համարժեք չափ հայթայթել: Հետևաբար 2018թ.-ին ՊԵԿ-ը` ունենալով հնարավորություն վճարել է պարգևատրումներ, որոնք էականորեն բարձր են պետական մյուս մարմինների պարգևատրումներից: Ընդ որում, պարգևատրումների համակարգից օգտվել են ոչ միայն ղեկավար անձինք, այլ հարկային և մաքսային բոլոր ծառայողները: ՊԵԿ-ը կարծում է, որ կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարում պարգևատրումների և ընդհանրապես արժանապատիվ հատուցումների համակարգ ունենալը կաշառակերության և դրա դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն է:

«Հետևապես, ՊԵԿ-ում բոլոր վճարումներն ու պարգևատրումներն արվել են բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում», - նշված է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---