ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով աշխատանք է տարվում

ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով աշխատանք է տարվում

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է դինամիկ զարգանա և ապահովի անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական տիրույթում, իսկ գլխավոր քարտուղարի հարցը լուծվում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար և պետական քարտուղար Գրիգորի Կարասինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Սա հիպոթետիկ հարց է, բարդ: Գլխավորն այն է, որ ՀԱՊԿ-ը շարունակի արդյունավետ գործել: Հիմա այնտեղ կա գլխավոր քարտուղարի պաշտոնակատար: Հուսանք, որ այդ կառույցը կշարունակի դինամիկ զարգանալ և ապահովել անվտանգությունը պատասխանատվության աշխարհագրական տիրույթում: Ինչ վերաբերում է նրան, թե կնշանակվի արդյոք գլխավոր քարտուղար մինչև 2020 թվականը, դա քննարկվող հարց է, որի վրա աշխատում են»,-ասել է Կարասինը՝ պատասխանելով այն հարցին, թե կնշանակվի արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար մինչև 2020 թվականը, կապված Հայաստանի անզիջում դիրքորոշման հետ, և որքանով է այս իրավիճակն ընդունելի Մոսկվայի համար:

Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցին, նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անզիջում դիրքորոշման պատճառով կառույցը կարող է ևս մեկ տարի առանց գլխավոր քարտուղարի մնալ:ՌԴ արտաքին գործերի նախարարության աղբյուրի փոխանցմամբ, ՀԱՊԿ-ում արդեն «համակերպվել են այն մտքի հետ, որ Հայաստանի դիրքորոշման պատճառով կազմակերպությունում դեռևս մեկ տարի գլխավոր քարտուղար չի լինելու»: Նա միևնույն ժամանակ նաև նշել է, որ կառույցը շարունակում է իր բնականոն աշխատանքը:

Փետրվարի 7-ին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---