«Ժառանգությունը» կոչ է անում իշխանությանը հրաժարվել «սև ու սպիտակի» եզրույթից

«Ժառանգությունը» կոչ է անում իշխանությանը հրաժարվել «սև ու սպիտակի» եզրույթից

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է արել հեղափոխական իշխանությանը հրաժարվել «սև ու սպիտակի» հակադրությունից: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ «Ժառանգություն» կուսակցությունը մարտի 31-ին կայացած իր 12-րդ համագումարի բանաձևում ամրակայել է հետհեղափոխական Հայաստանում հաստատվող միակուսակցական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամի տագնապահարույց դրսևորումները:

Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած իշխող «Իմ քայլը» դաշինքի վերջին ամիսների գործունեությունն ի ցույց են դնում ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների քայլերի հակասականությունն ու անհետևողականությունը, որի հետևանքով ներքին և արտաքին քաղաքականության մեջ նկատվում է տեղապտույտ:

«Կարծում ենք՝ հետհեղափոխական ամիսները ողջամիտ ժամանակահատված էին երկրում առկա խնդիրները քարտեզագրելու, համակարգելու և լուծման ռազմավարությունը մշակելու համար: Մտահոգված լինելով Հայաստանում կյանքի կոչված ժողովրդավարական հեղափոխության նպատակների իրականացման ընթացքով՝ «Ժառանգությունը» հայտարարում է՝

Ա) ՀՀ պետական կառավարման տարբեր մակարդակներում ընդունվում են որոշումներ, կատարվում են կադրային հեռացումներ ու նշանակումներ, որոնք արդեն կայուն պարբերականությամբ պատճառ են դառնում հանրային բողոքների ու բախումների, որոնց ազդեցությամբ այդ որոշումների ի կատար ածումը կա՛մ հետաձգվում է, կա՛մ դառնում անհնարին:

Բ) Առ այս պահը պարզ չէ, թե ինչ կառուցվածք պետք է ունենա ՀՀ կառավարությունը, սակայն լուծարման ենթակա ոլորտներում՝ գյուղատնտեսություն, մշակույթ, սփյուռքի հետ հարաբերություններ, առկա են լրջագույն խնդիրներ: Դրանք վկայում են, որ իշխող քաղաքական ուժի կողմից ձեռնարկած կառավարության կազմի կրճատման կամ բարորակման ծրագիրը բավարար չափով մշակված չէ և չի համապատասխանում պետության առջև այս պահին ծառացած մարտահրավերներին:

Գ) Հռչակած տնտեսական հեղափոխությունն անընդմեջ բախվում է ներքին և արտաքին լրջագույն դիմադրության, խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և ներդրողների հետ վարվող քաղաքականությունը իրականացվում է հին վարչակարգի պատժիչ գործիքներով: Նոր Հայաստանում ոչ բռնի թավշյա հեղափոխությունից հետո չեն հստակեցվում գործունեության նոր, փոխադարձ ընդունելի կանոններ բիզնեսի հավասարապես բոլոր ներկայացուցիչների համար, որոնք հնարավորություն կտան որոշակի սահմանագիծ անցկացնել ներկա և նախկին գործելակերպի միջև: Տարիների ընթացքում նախորդ հանցավոր վարչակազմի պարտադրանքով կուտակված հարկային և այլ պարտավորությունների մարման տնտեսապես ձեռնտու կանոնների և ժամանակացույցի մշակման փոխարեն գործում են պատժիչ ցուցադրական միջոցառումներ, որոնց արդյունավետությունն ակնհայտ կասկածահարույց է և առաջացնում է հասարակական անհամերաշխության տարբեր աստիճանի դրսևորումներ:

Դ) Ուշանում են հեղափոխության արդյունքում հայտարարված կարգախոսների կյանքի կոչման մեխանիզմները՝ ազատ, մենաշնորհներից զերծ, անկախ Հայաստան, որտեղ երաշխավորվում են երջանիկ անհատի, հոգատար հանրության և հզոր պետության կայացման նպատակները: Դրա պատճառը թաքնված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության սկզբունքներում, որոնք երբեմն նմանվում են հին համակարգի արատավոր գործելաոճին: Պետական և անգամ հանրային գործունեության բոլոր հարթակներում առավելությունը տրվում է իշխող կուսակցության ներկայացուցիչներին, անձնական թիմին ու բարեկամներին՝ անկախ նրանց արհեստավարժության և փորձառության աստիճանից: Իսկ զարգացումները ցույց են տալիս, որ այդ նշանակումների արդյունքում իշխանություն ստացած, բայց դրան անպատրաստ անձինք բավական արագորեն հայտնվում են կոռուպցիոն պատմությունների և ԱԱԾ թիրախում:

Ե) Դատական համակարգում ևս գործունեության ու վստահության ճգնաժամ է, ամիսներ են անցել, հասարակական ուշադրության առանցքում գտնվող և ոչ մի գործ իր տրամաբանական ավարտին չի հասել, հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց անցումային արդարադատության մասին խոսակցությունները գործ չեն դառնում, ինչպես նաև անհրաժեշտ լյուստրացիայի պահանջները: Փոխարենը տեղեկատվական «պատերազմներ» են բռնկվում, դաշտ է բացվում «ֆեյքերի բանակների» առջև, որոնք կեղծ օրակարգեր են ձևավորում»,-ասվում է հայտարարության մեջ:

Արձանագրելով, որ նոր հայաստանյան իրողություններում ամենամեծ հակահեղափոխականը վարչապետի գլխավորած քաղաքական թիմի՝ երկրին հարվածող արտաքին ու ներքին օրակարգային խնդիրներին դիմագրավելուն անպատրաստ լինելն է՝ կուսակցությունը «կոչ է անում Հայաստանի հեղափոխական իշխանությանը հրաժարվելու «սև ու սպիտակի» հակադրությունից, պետական համակարգը սեփական քաղաքական թիմի կայացմանը ծառայեցնելու անհեռանկար մոտեցումներից, անցյալից եկող խնդիրների թնջուկում առաջնահերթությունների կամայական ձևավորումից, իսկ պետության ղեկավարին՝ «ասֆալտին փռելու», «ծնոտը ջարդելու», սեփական ցուցումներով քրեական հետապնդումներ նախաձեռնելու կամ դադարեցնելու արատավոր գործելակերպից և հրապարկային քաղաքական կոչերից»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---