«Ռոսիա 1»-ը չեղարկել է Մալախովի հաղորդումը Խաչատուրյան քույրերի մասին

«Ռոսիա 1»-ը չեղարկել է Մալախովի հաղորդումը Խաչատուրյան քույրերի մասին

PanARMENIAN.Net - «Ռոսիա 1» հեռուստաալիքը, առանց պատճառների պարզաբանման, չեղարկել է Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» հաղորդման հերթական թողարկումը, որը նվիրված էր լինելու հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ակտիվիստ Դարյա Սերենկոն, որը պետք է մասնակցեր հաղորդմանը:

Սերենկոն հայտնի է որպես միայնակ պիկետների կազմակերպիչ՝ ի աջակցություն քույրերի:

Եթերը պետք է սկսվեր հունիսի 27-ին Մոսկվայի ժամանակով 17:25-ին, սակայն, դրա փոխարեն մեկ այլ թողարկում ցուցադրվեց: Ըստ Սերենկոյի, Խաչատուրյան քույրերի մասին թողարկումները չեղարկել են նաև ռուսական Առաջին ալիքում և ՆՏՎ-ում:

«Մալախովի եթերը չեղարկել են առանց պատճառները բացատրելու: Մինչդեռ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկ Արսենը շարունակում է վատաբանել քույրերին բոլոր հեռուստաալիքներով և օգտագործել աղջիկների առաջին, արդեն հնացած, ցուցմունքները, որոնք նրանք տվել էին քննության ճնշման տակ: Արսենի մասնակցությամբ հաղորդումները չեն չեղարկվում»,-ասել է Սերենկոն, գրում է Esquire.ru-ն:

Ըստ ակտիվիստի, թողարկման չեղարկումը կապված է Mash-ում քույրերի առաջին ցուցմունքների հրապարակման հետ: «Ցուցմունքներ, որոնք տրվել են քննության ճնշման տակ: Ցուցմունքներ, որոնք ոչ ոք իրավունք չուներ հրապարակելու, քանի որ այնտեղ անչափահասի ցուցմունքներ կան»,-ասել է Սերենկոն:

Հունիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանը հրաժարվել է համաձայնեցնել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի և ընտանեկան բռնության զոհերի երթը քաղաքի կենտրոնում՝ առաջարկելով անցկացնել ակցիան Լյուբլինոյում: Երթը նախատեսված է հուլիսի 6-ին:

Աղջիկների պաշտպանները պնդում են, որ քույրերը սպանությունը կատարել են ինքնապաշտպանության շրջանակում՝ դիմադրելով տարիներ շարունակվող բռնությանը, և կոչ են անում կարճել քրգործը կամ առնվազն վերաորակավորել մեղադրական հոդվածը:

Ավելի վաղ ՌԴ-ում հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի ճակատագրին է անդրադարձել System of a Down խմբի համահիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ դա բարդ դեպք է, որտեղ «մահացածից բացի մի քանի զոհ կա»:

Հունիսի 19-ին Մոսկվայում պիկետներ են տեղի ունեցել ի աջակցություն Խաչատուրյան քույրերի՝ Մարիայի, Քրիստինայի և Անգելինայի, որոնք մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ:

Աղմկահարույց սպանությունը կատարվել է 2018-ի հուլիսին, Մոսկվայում: Հուլիսի 27-ի երեկոյան Ալուֆևի մայրուղու թիվ 56 շենքի մուտքի աստիճանավանդակում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում ծակող-կտրող գործիքով հասցված բազմաթիվ վերքերով: Հաջորդ օրը սպանության կասկածանքով ձերբակալվեցին նրա դուստրերը՝ 17, 18 և 19 տարեկան: Նրանք խոստովանեցին մեղքը: Ինչպես ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ, հարցաքննության ժամանակ աղջիկները պատմել են, որ հոր հանդեպ «անձնական հակակրանք են ունեցել, քանի որ վերջինս տևական ժամանակ նրանց բարոյական տառապանքներ է պատճառել»:

Քննությունը հաստատել է, որ Խաչատուրյանը սիստեմատիկաբար ֆիզիկական բռնություն է գործադրել աղջիկների հանդեպ, ինչպես նաև պարտադրել նրանց սեռական բնույթի գործողությունների: Դա ազդել է աղջիկների հոգեկան վիճակի վրա՝ նրանց մոտ խանգարումներ են զարգացել «դաժան վերաբերմունքի սինդրոմի դրսևորմամբ»: Քրիստինայի և Անգելինայի մոտ ի հայտ են եկել նաև հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Մարիան հոր վրա հարձակման ժամանկ անմեղսունակ վիճակում է եղել:

Հետաքննությունն ավարտին մոտեցավ 2019-ի հունիսին: Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել քույրերին ՌԴ Օրենսդրության «Խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ» հոդվածով: Ավագ և միջնեկ քույրերին 8-20 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ կրտսերն անմեղսունակ է ճանաչվել և ազատվել է քրեական պատասխանատվությունից: Գործը փոխանցվելու է դատարան 2 ամսվա ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---