ԱՄՆ-ում «մարդասպան կրետներ» են հայտնվել․ Որքանով են դրանք վտանգավոր

ԱՄՆ-ում «մարդասպան կրետներ» են հայտնվել․ Որքանով են դրանք վտանգավոր

PanARMENIAN.Net - 2019-ի ավարտին ԱՄՆ-ում հսկայական ասիական կրետներ են հայտնվել, որոնց նաև «մարդասպան կրետներ» են կոչում։ Միջատների երկարությունը հասնում է մոտ 2 դյույմի (5 սմ)։ Միջատները հայտնի են նրանով, որ սպանում են մեղրատու մեղուներին, պոկելով նրանց գլուխները, զբաղեցնում են նրանց փեթակներն ու աստիճանաբար բնաջնջում պոպուլյացիան, որն առանց այդ էլ անհետացման եզրին է։

Հսկայական կրետները վտանգավոր են նաև մարդու համար։ Ճապոնիայում դրանց հարձակումների հետևանքով տարեկան մոտ 50 մարդ է մահանում։ Դրանք Vespa mandarinia տեսակի միջատներն են, որոնց բնակության արեալը Հարավարևելյան Ասիայում է։ Այդպիսի միջատների խայթը կարող է ծակել այգեպանների պաշտպանիչ արտահագուստը։

ՀՀ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տիգրան Ղռեջյանը PanARMENIAN.Net ին որոշ մանրամասներ ներկայացրեց վտանգավոր միջատի մասին և խոսեց այն մասին, թե որքանով է հավանական դրա հայտնվելը Հայաստանում։

«Միջատների այդ տեսակը ոչ միայն ԱՄՆ-ում է արագ տարածվում, այլ լավ տարածվում է նաև Եվրոպայում: Այդ կրետը ՀՀ-ում լայն տարածված սովորական ձիաստաց կրետի Vespa crabro-ի, և շոգ վայրերում տարածված, ավելի մեծ արևելյան ձիաստացի Vespa orientalis-ի մոտիկ ազգականն է»,- պարզաբանեց գիտաշխատողը:

Ըստ նրա` կրետը վտանգավոր է, քանի որ շատ թունավոր է, նաև մեծ է ու թույնի չափաբաժինը ևս մեծ է։

«Ճապոնիայում առանձին ենթատեսակը՝ Vespa mandarinia japonica-ն սովորականից և մեծ է, և շատ ագրեսիվ: Մահերի հիմնական պատճառն այն է, որ միջատն իր սեփական նախաձեռնությամբ է հարձակվում մարդկանց վրա: Խիստ թունավոր է», -ասավց Ղռեջյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում և արդեն Եվրոպայում ամենամեծ վտանգն այն է, որ այդ միջատները բնաջնջում են մեղուներին, մեղուներն են նրանց նախընտրած կերը:

Ըստ երիտասարդ գիտնականի` հիմնական գործոնը, որը խանգարելու է Vespa mandarinia-ին ներթափանցել և մնալ Հայաստանում, կլիման է, և Չինաստանից գյուղմթերքի ներմուծման փոքր քանակը։

«Հավանական տեղերը, որտեղ այդ միջատը կարող է ապրել ու բազմանալ, Տավուշի-Լոռու ու Սյունիքի ցածրադիր գոտու անտառներն են, բայց եթե անգամ ասիական կրետները հասնեն ՀՀ ու անգամ կարողանան պոպուլյացիա ձևավորել, մնալու են ընկճված: Բացի այդ արդեն կա տեղական տեսակը, որը թույլ չի տա նորեկներին հիմնավորվել», - ասաց նա։

Մասնագետը հավելեց նաև, որ Vespa orientalis-ը ևս վտանգավոր է, բայց այդքան ագրեսիվ չէ։ Այն մարդուց խուսափում է, սիրում է քարքարոտ, մանր ու մեծ ծառերով վայրեր:

«Եթե վտանգավորության մյուս ասպեկտը դիտարկենք՝ մեղվաբուծությանը տված վնասը, ապա տեղաբնակ կրետները, ճիշտ է, հաճախ են հարձակվում մեղուների վրա, բայց մեր մեղուները շատ լավ պաշտպանվում են։ Հազվադեպ են փեթակներ ավիրում, այն էլ բարձիթողի փեթակները»,-ասաց գիտաշխատողը։

Միջատաբաններն ընդգծում են, որ կրետներն առավել ակտիվ են ամռան վերջում - աշնան սկզբին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---