Նույնիսկ եթե Երեւանի ու Անկարայի միջեւ գաղտնի բանակցություններ են ընթանում, դրանք դեռեւս անարդյունք են

PanARMENIAN.Net - Եթե համեմատենք հայ-թուրքական հարաբերությունների ներկա մակարդակը անցյալ տարվա հետ,ապա կարելի է ասել, որ առանձնակի փոփոխություններ երկկողմ հարաբերություններում տեղի չեն ունեցել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանն էլի փակ է, երկու երկրների միջեւ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ: Սակայն դրա հետ մեկտեղ կա նաեւ «ֆուտբոլային դիվանագիտության» շարունակման միտում:



«Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Հայաստան այցելությունից հետո, Երեւանի ու Անկարայի միջեւ կապ է հաստատվել, սակայն հարաբերությունների կարգավորումը կախված է նրանից, թե կհամաձայնի Թուրքիան ընդունել Հայաստանի առաջարկը առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Այժմ արդեն խոսում են Երեւանի եւ Անկարայի միջեւ գաղտնի բանակցությունների մասին: Դա բնական է, քանի որ Հայաստանում նախագահների հանդիպումներից հետո եկավ դիվանագիտության ժամանակը»,-ընդգծել է Սաֆրաստյանը: Նա նաեւ նշել է, որ թուրքական կողմը դեռեւս միայն ցույց է տալիս, որ շահագրգիռ է Երեւանի հետ հարաբերությունների հաստատման հարցում, սակայն կոնկրետ ոչ մի բան այդ ուղղությամբ չի անում: «Նույնիսկ եթե այժմ գաղտնի բանակցություններ են գնում հայ-թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ, ապա կարելի է ասել, որ դրանք անարդյունք են»,-նշել է ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենը:



Անդրադառնալով «Հայեր, ներե'ք մեզ» արշավին, որն արդեն շուրջ 27 775 ստորագրություն է հավաքել, հայ թրքագետը նշել է, որ նրա անցկացումը խիզախ քայլ է թուրք մտավորականության կողմից, որը խթան կհանդիսանա նոր նախաձեռնությունների համար: «Ես ծանոթ եմ այդ կոչի հեղինակների հետ եւ պետք է ասեմ, որ նրանք բոլորը հակված են չկիրառել «ցեղասպանություն» բառը: Ինչպես գիտեք, նշված նամակում նրանք բնութագրել են Հայոց ցեղասպանությունը որպես էթնիկ զտում, այլ ոչ թե ցեղասպանություն: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ այս նախաձեռնությունից հետո թուրքական հանրությունը առավել մեծ ակտիվություն կդրսեւորի»,-ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:



«Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել է Ինտերնետում 2008 թվականի դեկտեմբերի 15-ին եւ միայն մեկ օրվա ընթացքում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն: Նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աթքարը, պրոֆեսոր Բաշկին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ եւ հասարակական գործիչներ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---