ԵԽԽՎ-ն Հայաստանին նոր շանս տվեց բարեփոխումների գործընթացն ավարտելու համար

PanARMENIAN.Net - 1643 բանաձեւի ընդունումը եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությանը ձայնից չզրկելու վերաբերյալ որոշումը նոր շանս է պաշտոնական Երեւանի համար բարեփոխումների գործընթացն ավարտելու համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԽՎՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Վեհաժողովը հանձնարարել է դիտարկման խմբին մինչ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանը գնահատել ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցները ետընտրական հետեւանքների վերացման վերաբերյալ: «Մեզ հստակ ժամկետ են տվել եւ մենք պետք է կարողանանք այդ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները»,-ասել է Ռուստամյանը` հավելելով, որ ընթացիկ տարվա մարտին Վալենսիայում դիտարկման խումբը իր կարծիքը կներկայացնի Հայաստանի կողմից ԵԽԽՎ առաջարկների կատարման վերաբերյալ:



Ըստ պատգամավորի, հունվարյան այցից հետո վեհաժողովում համոզվեցին, որ ՀՀ իշխանությունները բավարար ուժեղ քաղաքական կամք ունեն բարեփոխումները շարունակելու համար: «Այն, որ Հայաստանում փաստահավաք խումբ է ստեղծվել մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ եւ այն, որ հանրապետությունն ինքն է որոշել փոփոխություններ կատարել ՔՕ 225 եւ 300 հոդվածներում, ցույց տվեցին Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ու վճռականությունը»,-ասել է Ռուստամյանը: Նրա խոսքերով, հայ խորհրդարանականներն արդեն սկսել են աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ, քանի որ ուղղումներն ու լրացումներն այդ հոդվածներում պետք է արվեն ըստ միջազգային նորմերի:



Հունվարի 27-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, քննարկելով Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը, որոշեց ձայնից չզրկել հայկական պատվիրակությանը: 141 խորհրդարանականներ դեմ քվեարկեցին պատվիրակությանը ձայնից զրկելու առաջարկին, «կողմ» քվեարկեցին 3 խորհրդարանականներ, հինգը` ձեռնպահ մնացին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---