Ձեզ էլի չեն ասում ճշմարտությունը

Ձեզ էլի չեն ասում ճշմարտությունը

PanARMENIAN.Net - Պարտությունից 2 ամիս ու 1 օր անց իր իսկ խոսքով «պարտության գլխավոր պատասխանատուն, բայց ոչ գլխավոր մեղավորը» մեկնում է բանակցելու հաղթանակածի ու միջնորդի հետ հետագա անելիքների մասին։ Նախորդ շաբաթ թե իշխանությունը, թե ընդդիմությունն ինչ ասես ասացին գալիք բանակցություններին քննարկվող միջանցքի ու գերիների մասին։ Մեկը պնդում էր, որ ոչ միջանցքի, ոչ Մեղրիի մասին փաստաթղթում բառ չկա (իբր կա մի մեծ տարբերություն՝ Կապանով կանցնի այդ ճանապարհը, թե Մեղրիով, ու միջանցք է կոչվելու, թե տարանցման ճանապարհ) ու փորձում կապել խնդիրը գերիների հետ։ Մյուսը պահանջում էր ոչ մի գնով թույլ չտալ այդ միջանցքը՝ հիշելով Թալեաթին ու Աթաթուրքին и далее по списку: Իրականությունը, սակայն, պարզ դրված է ամենաերևացող տեղում, ու այն ոչ ոք չի տեսնում։

Միջանցքի մասին

Երբ խճճվում եք վարկածների ու ճշմարիտ և կեղծ «սլիվների» միջև, կարդացեք նոյեմբերի 10-ի փաստաթուղթն ու փորձեք հիշել՝ ինչ է մնում, ըստ էության, այդ փաստաթղթի տակ հողերը հանձնելուց հետո։ Մնում են տրանսպորտային միջանցքներն ու խաղաղապահները։ Սա է հայտարարության ոգին, հայտարարության բովանդակությունը։ Հայերը թույլ են տալիս Թուրքիային ու Ադրբեջանին անխափան սահմանային կապ ունենալ իրենց տարածքով, ինչի դիմաց ռուս խաղաղապահները մնում են Արցախի մնացորդներում՝ ու այն վերջնականապես չի հայաթափվում։ Եթե չորսուկես տարի անց ադրբեջանցիները պահանջեն խաղաղապահների դուրսբերում, միջանցքը կկորցնի հայերի համար ակտուալությունն ու կփակվի, եթե, իհարկե, ռուսները տեր կանգնեն այդ որոշմանը։ Իսկ «եթե»-ն ծագում է նրանից, որ հայերիս «փայլուն» բանակցորդների շնորհիվ 5 տարի մեկ ավտոմատ երկարաձգվում է ոչ թե ամբողջ հայտարարության գործողության ժամկետը, այլ միմիայն խաղաղապահների մասին դրույթը, ուստի հայերի հույսը մնալու է ոչ ֆորմալ բանակցությունների ու պայմանավորվածությունների վրա։ Եվ մյուս կողմից, եթե հայերը չբացեն միջանցքը գալիք 5 տարում, Բաքուն կպահանջի խաղաղապահների դուրսբերումը՝ հայաթափելով Արցախի մնացորդները։

Գերիների մասին

Գերեվարված շիրակցիները հենց այնպես կամ Ալիևի սադիստական հակումներից չեն այնտեղ մնում․ կարծում ենք՝ ժամանակն է բեյններս մտցնել պարզ միտքը, որ նա ռացիոնալ մարդ է, ու այդ քայլն ունի հստակ նպատակ, որն ամենևին իրենց ֆիզիկապես տանջել, դատել ու խոշտանգելը չէ։ Այդ նպատակն էլ է դրված սեղանին՝ իզուր չէ միջազգային ամբիոններից այդքան թմբկահարվում նրանց «ահաբեկիչ» լինելու հարցը։ Ալիևը փորձելու է շանտաժի ենթարկել Փաշինյանին նրանց ճակատագրով՝ դրա դիմաց պահանջելով ՀՀ-ից ՊԲ համալրման դադարեցումը։ Զուգահեռաբար, նույն հարցով ճնշում է լինելու երկրի սահմանների ներսում՝ հիշեք Արցախ մեկնող զինվորների ծնողների ցույցերը։ Ու քանի որ իշխանությունը, ի թիվս այլ հարցերի, անընդունակ է նաև հստակ պատասխաններ տալ այդ ծնողներին իրենց երեխաների անվտանգության հարցով, ճնշումը չի դադարելու:

Ու, 2 տողով, ճշմարտությունը

Չբացեք միջանցք՝ Արցախը հայաթափվելու է։ Չկազմալուծեք ՊԲ-ն՝ գերիներին չեք ստանա։ Գերիների ու միջանցքի հարցն իրար կապել չի ստացվի, ինչ-որ բան կորզելու ձևը Մոսկվայից Բաքվի վրա ճնշում խնդրելն է։

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---