Վարազդատ Կարապետյանը չի մեկնի Չինաստան․ «Իշխող ուժում ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա»

Վարազդատ Կարապետյանը չի մեկնի Չինաստան․  «Իշխող ուժում ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա»

PanARMENIAN.Net - Վարազդատ Կարապետյանը դիմում է ներկայացրել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու համար: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հիմա Չինաստան գնալու ժամանակը չէ, «երկրում մնալու ու էս խայտառակ պարտության դաժան լուծը համախոհների ու զինակիցների հետ քաշելու ժամանակն է»։

«Մենք նախ սեփական ազգային պետություն, ազգային տեսիլք, առաքելություն, մշակված ռազմավարություն պետք է ունենանք, ապա նոր մտածենք այլոց հետ մեր հարաբերությունների մասին։

Այս ամենին հասնելու ճանապարհը չենք կարող սևերի ու սպիտակների բաժանելով, պետական և ազգային արժեքներն ու ինստիտուտները քանդելով ու քայքայելով անցնել: Հետ նայելով կառավարող ուժի հետ իմ անցած ճանապարհին, վերլուծելով դա պատերազմի ընթացքում և դրանից հետո ինձ համար բացահայտվող իրողությունների լույսի տակ, հասկանում եմ, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չեմ ունեցել հիմնարար գործընթացների վրա: Իմ քայլերը ոչ միշտ են եղել արդյունավետ կամ դրանց երկարաժամկետ ազդեցությունը եղել է անհայտ ուղղությամբ։ Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից»,-ասվում է գրառման մեջ։

Կարապետյանը հավելել է, որ իր այս քայլով չի ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը կամ կուսակցապետին, հատկապես հիմա, երբ «պառակտման ու միմյանց լափելու միտումները կործանարար գագաթնակետին են հասնում»: «Ես ընտրում եմ Հայ առաքելական եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունը, որտեղ մարդու իրավունքը չի հակադրվում ազգային պետությանը, որտեղ բանակը գիտության, տնտեսության ու կրթության զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխությունը, միասնությունը, և այս տիրույթում Նժդեհն ամենավառ հերոսն է», - գրել նա։

Վարազդատ Կարապետյանը նաև հայտնել է, որ հիմա ընկերների հետ ստեղծում են ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում ծրագրերի մասին ավելի ընդարձակ կգրի կամ կպատմի:

2020թ․ նոյեմբերի 25-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել և նշանակվել Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցիչ:

Կարապետյանն անկուսակցական է, գլխավորում էր Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---