ԱԳՆ․ Ադրբեջանի դեմ 188 հայ գերու մասով ընթացիկ միջանկյալ միջոցներ են կիրառվում

ԱԳՆ․ Ադրբեջանի դեմ 188 հայ գերու մասով ընթացիկ միջանկյալ միջոցներ են կիրառվում

PanARMENIAN.Net - Այժմ Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե իրենք բոլոր գերիներին են վերադարձրել, հերթական կեղծիքն է, հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մարտի 15-ին Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին։ Անդրադառնալով այժմ Ադրբեջանում պահվող հայ զինծառայողներին՝ Բայրամովը հայտարարել է, թե նրանք ռազմագերի չեն համարվում, քանի որ ձերբակալվել են ռազմական գործողությունների ավարտից հետո։

Նաղդալյանը նշել է, թե ադրբեջանցի պաշտոնյան հակադրվում է այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը։

«Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներկայացնում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որը զբաղվում է այս հարցով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակում։ Դատարանը վերջերս որոշում է կայացրել այս առնչությամբ ծանուցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկատվություն։ Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերու վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման»,- ասել է նա։

Նաղդալյանը նշել է նաև, որ նմանօրինակ հայտարարություններով Ադրբեջանը վկայում է, որ միտումնավոր կերպով չի կատարում նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ գերիներին առնչվող դրույթը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք հայկական կողմին են փոխանցել բոլոր գերիներին, իբրև Բաքվում գտնվում են միայն «ահաբեկիչներ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---