Սանասարյան․ Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Բաքվի հետ

Սանասարյան․ Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Բաքվի  հետ

PanARMENIAN.Net - Քաղաքական գործիչ, ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը, որը նոր՝ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը գրանցելու հայտ է ներկայացրել, հայտարարել է, որ եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Բաքվի հետ։ Այդ մասին նա ասել է Radar Armenia-ի եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսի ընթացքում, գրում է «Առավոտը»։

Սանասարյանը վստահեցրել է, որ եթե իրենց ուժն առաջիկա ընտրություններին ստանա հանրության վստահության քվեն և անցնի խորհրդարան, առաջին նախաձեռնությունը լինելու է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելը և մանրամասն ուսումնասիրելը, թե որն էր պարտության պատճառը:

Կուսակցության առաջին համագումարը նախատեսված է ապրիլի 23-ին։

Հարցին, թե պատերազմում պարտության հարցում կա՞ ներկայիս իշխանությունների դերակատարությունը՝ Սանասարյանն ասել է. «Այո, կա դերը: Եթե ասենք, որ ամբողջ պատասխանատվությունն այս իշխանության վրա է, կարծում եմ՝ օբյեկտիվ չենք լինի: Երկար տարիներ՝ 1994-ից հետո պատերազմում հաղթանակ ես տանում և սկսում ես բանակցել, թե այդ հողերն ինչի դիմաց ես վերադարձնում: Բոլոր ժամանակների իշխանություններն այս հարցով են բանակցել: Երկար տարիներ, երբ մսխվել են պետական միջոցները, թալանվել է պետական հարստությունն ինչ-որ կլանային շահերի համար, բնականաբար, նախորդ իշխանության մեղավորությունն էլ կա, բայց քաղաքական առումով մեղավորություն ունեն օրվա իշխանությունները: Օրվա իշխանություններն արտաքին քաղաքականությունը թուլացրել են»:

Սանասարյանը կարծում էր, որ հնարավոր էր խուսափել պատերազմից՝ պետք էր փորձել ավելի ճկուն դիվանագիտություն վարել:

«Կարելի էր նաև Թուրքիայի հետ հարաբերություններ սկսել, խոսել այս մասին, առնվազն շանսը պիտի օգտագործվեր և որոշակիորեն թուլացվեր իր մասնակցությունն այս պատերազմին»,- ասել է նա։

Հարցին, թե Թուրքիան մեր թշնամի՞ն է՝ ՊՎԾ նախկին պետը պատասխանել է. «Թուրքիան ժխտողական քաղաքականություն է տանում, հովանավորում է պատերազմը և նմանատիպ իրավիճակներ տարածաշրջանում, դա, բնականաբար, թշնամական է, ես այդպես եմ կարծում: Բայց դա չի նշանակում, որ մենք Թուրքիայի հետ չպետք է խոսենք»:

Նա հավելել է, որ մենք պիտի մեր պետական շահը ներկայացնենք ուղիղ՝ «տետ-ա-տետ» հանդիպումների ժամանակ:

«Պետք էր հնարավորինս ժամանակ ձգվեր, որ տեխնոլոգիապես ավելի հագեցնեինք մեր բանակը»,- ասել է նա:

Հարցին՝ պետք է խաղաղության պատրաստվել, թե՝ պատերազմի, Սանասարյանն ասել է. «Մենք պետք է պատրաստվենք խաղաղության, բայց դա պացիֆիզմով չպետք է անենք: Մեր անվտանգային համակարգը պետք է խելքի բերենք, արտաքին քաղաքականությունը ճիշտ կառուցենք աշխարհի հետ հարաբերություններում, այդ թվում՝ Թուրքիայի հետ անպայման մեր հարցերը բարձրացնենք, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր իրավունքները հետ քաշենք: Դա չի նշանակում, որ Թուրքիան պետք է չառերեսվի իր պատմության սև էջերի հետ: Ադրբեջանը պիտի առերեսվի իր խնդիրների հետ, Թուրքիան: Եթե Ադրբեջանը չի լուծում գերիների հարցը, այլ հարց չպետք է քննարկվի Ադրբեջանի հետ: Պետք է պայմանավորվածությունները մինչև վերջ կատարվեն»:

2019-ին ապրիլի 18-ին Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Նրա պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել է Հայաստանի վարչապետի որոշմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---