ՀՀ նախագահը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի կառույցներին՝ Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար

ՀՀ նախագահը շնորհակալական նամակներ է հղել սփյուռքի կառույցներին՝ Ցեղասպանության ճանաչմանը նպաստելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարներին՝ երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած ավանդի համար։

ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ նրանց տարիների ջանադիր գործունեությունն իր ծանրակշիռ նպաստն է ունեցել նաև 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մեջ, որը կարևոր հանգրվան էր Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում. «Այն հետևողական աշխատանքը, որ ՀՅԴ-ն կատարում է Սփյուռքում և հատկապես ԱՄՆ-ում ազգապահպանության ու համազգային նպատակների իրա¬կա¬նացման ուղղությամբ, արժանի է մեծագույն հարգանքի և գնահատականի: Վստահ եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք առաջնորդվել համազգային շահով և արդարությունը վերջնական հանգրվանին հասցնելու դժվարին առաքելության խորին գիտակցումով»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել միության հայրենանվեր և ազգանպաստ գործունեությունը. «Հավատարիմ ՀԲԸՄ հիմնադիրների ավանդին, որոնք Մեծ եղեռնի առաջին իսկ օրերին իրենց ողջ ուժն ու կարողությունն ուղղեցին կոտորածներից ու հալածանքներից փրկվածների օգնության գործին, ՀԲԸՄ-ն մշտապես թիկունք է կանգնել համազգային նպատակների իրականացմանը թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ ողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դուք մշտապես վառ եք պահում հայապահպանության ու հայ ինքնության կրակը, ինչը վկայում է, որ ՀԲԸՄ-ն հաստատուն է իր նպատակներում և հավատարիմ է սկզբունքներին»:

Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին և համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին ուղղված նամակներում նախագահ Սարգսյանը մասնավորապես բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի՝ ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը. «Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով, ջանքերով նպաստել են արդարության վերականգնմանը: Ամերիկայի հայկական համագումարը հրաշալի աշխատանք է կատարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Երբ մենք համախմբում ենք մեր ջանքերն ու մեր տեսլականը վերածում իրական գործողությունների, արդյունքը միշտ տեսանելի է լինում»:

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։

2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---